Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Դեղատոմսեր` տնտեսական քաղաքականության համար

Նոյեմբեր 26, 2009թ. 15:29

Vazgen Safaryan«Տեղական արդյունաբերությունը, մասնավորապես, արդյունաբերական մեր գործառույթները, բարվոք վիճակում չեն և հեռու են բավարար լինելուց»,-այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր մտահոգությունը կիսեց  «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

Պարոն Սաֆարյանը տնտեսական հետընթացի հիմնական նշան է համարում համախառն ներքին արդյունքի մեջ արդյունաբերության մասնաբաժնի նվազումը:

ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինն այժմ կազմում է 22 %:

Արդյունաբերական ծավալների կրճատումն իր հետ միաժամանակ բերում  է  նաև գործազրկության, աղքատության մակարդակի աճ ու սոցիալական այլ խնդիրներ, որոնք էլ իրենց հերթին մեծացնում են արտագաղթի տեմպերը:

Վազգեն Սաֆարյանն արդի տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը գնահատում է ոչ բավարար, այն, մասնավորապես, պատճառաբանելով երկիր ներմուծվող դրամական միջոցների ոչ նպատակային իրացումով: Տնտեսական քաղաքականության արդի միտումներն, ըստ մասնագետի, Հայաստանը դեռ երկար կպահեն ճգնաժամի մեջ:

Որպես հարցի արդյունավետ լուծման տարբերակ, Սաֆարյանն առաջարկում է տնտեսական քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ կատարել` հիմնվելով տեղական արդյունաբերության զարգացման վրա. «Երկիր ներմուծվող գումարները, հատկապես, վարկերի տեսքով, պետք է ուղղել ոչ թե էլիտար շենքերի շինարարության աշխատանքներին, այլ ներքին արդյունաբերությանը` հնարավորություններ ստեղծելով տեղում զարգանալու համար»:

ՀՀ-ում ըստ Սաֆարյանի, այժմ կան 1000-ից ավելի հայ-ռուսական համատեղ ձեռնարկություններ, որոնցից մեծ մասն այդպես էլ թղթի վրա է մնացել, այնինչ, ռուսական կողմից կատարվող ներդրումները կարելի էր օգտագործել ցածր տոկոսադրույքով տեղական արտադրողին վարկեր տրամադրելու ուղղությամբ: «Արժույթի միջազգային հիմնադրամի տված վարկերը նպատակային են` ուղղված բանկային ու մակրոտնտեսական կայունության պահպանմանը: Իսկ ռուսականներն ազատ վարկեր են, որ կարող ենք օգտագործել` տնտեսական ճգնաժամի հնարավոր թիրախներն ամրացնելու նպատակով»:

Տնտեսության մեջ առկա խնդիրներն ու կիրառվող քաղաքականության սխալները շտկելու առումով բանախոսը կարևորում է արդյունաբերության վերականգնման մասին օրենքի ընդունումը: Նման օրենքի կիրառումն աշխարհի տարբեր ծայրերում ճգնաժամի դեմ պայքարի իր արդյունավետությունն արդեն ապացուցել է:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն