Գլխավոր » Լրահոս

«ՀԿ-ների մասին» օրենքը կլրամշակվի

Նոյեմբեր 26, 2009թ. 15:42

Այսօր ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում անցկացված խորհրդարանական լսումներ: ՀՀ արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ այս լսումները տեղի են ունեցել մի քանի ՀԿ-ների` կառավարությանը ներկայացրած դիմումի համաձայն:

Լսումների ընթացքւմ ՀՀ Ազգային ժողովի մարդու իավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանի ելույթից պարզ դարձավ, որ «ՀԿ-ների մասին» օրենքին նախագիծը կլրամշակվի:

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանն իր ելույթում նշեց, որ անհրաժեշտության դեպքում նոր քննարկումներ կկազմակերպվեն հասարակական կազմակեպությունների մասնակցությամբ:  Սակայն հանրապետությունում գործում է շուրջ 3200 ՀԿ, և, ըստ նախարարի, դժվար կլինի դրանց բոլորի մասնակցությունն ապահովել քննարկմանը:

Այս կապակցությամբ Լարիսա Ալավերդյանը ArmAr.am-ի թղթակցին ասաց, որ այդ դեպքում քննարկումները կընթանան միայն «կառավարության ընտրանու» մասնակցությամբ:

Իր ելույթում Արդարադատության նախարարն անդրադարձավ ՀԿ-ների կողմից բարձրացված հիմնական հարցերին:

Մասնավորապես ասաց, որ նախագիծը հակասության մեջ չէ միջազգային իրավական փաստաթղթերի հետ, ինչպես նշում են ՀԿ-ների ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է ֆինանսական թափանցիկության ապահովմանը, ապա Արդարադատության նախարարի խոսքերով` դա արվում է հատկապես փողերի լվացման և միջազգային հանցագործության դեմ պայքարի համար:

Նախարարը նշեց, որ դա ՀԿ-ների համար ավելորդ խնդիրներ չի առաջացնի: Որոշ ՀԿ-ների ներկայացուցիչներ պնդում են, որ ՀԿ-ների կողմից հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունն արդեն ներառում է այդ տեղեկատվությունը: Ըստ Գևորգ Դանիելյանի, այդ երկու հաշվետվությունների միջև տարբերություններ կան: Իսկ ավելորդ թղթաբանությունից խուսափելու համար կառավարությունն առաջարկում է պարզապես հաշվետվությունները հրապարակել էլեկտրոնային տարբերակով. սեփական կայք ունենալու դեպքում` այնտեղ, չունենալու դեպքում` նախարարը խոստացավ ստեղծել հատուկ կայք` այդ հաշվետվությունների հրապարակման համար:

Հասարակական կազմակերպություններին հատկապես անհանգստացնում է համագումարների անցկացման ժամանակահատվածի սահմանման հարցը: (Կառավարությունը սահմանել է 4 տարի ժամկետ` նախկին երկուսի փոխարեն, իհարկե, դա չի բացառում համագումարների ավելի հաճախ անցկացումը):

Նրանք դա դիտում են որպես կառավարության կողմից ՀԿ-ների նկատմամբ իրականացվող ավելորդ վերահսկողություն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն