Բակո Սահակյան. «Դատախազության գործունեության մեջ նոր էջ բացվեց, երբ մեր ժողովուրդը հռչակեց անկախ պետականություն»
Այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դատախազության օրվա առթիվ շնորհավորական ուղերձով դիմել է ԼՂՀ դատախազության աշխատակիցներին: Ուղերձում մասնավորապես ասված է. «Դուք իրականացնում եք մեր երկրում օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության չափազանց կարեւոր ու պատասխանատու առաքելությունը: Եվ ձեր սկզբունքային, բարեխիղճ ու արհեստավարժ աշխատանքով են նաեւ պայմանավորված մեր պետության հաջողություններն ու ձեռքբերումները:
Դատախազության գործունեության մեջ նոր էջ բացվեց, երբ մեր ժողովուրդը հռչակեց անկախ պետականություն եւ ձեռնամուխ եղավ իր ապագայի ինքնուրույն կերտմանը: Այսօր էլ այն մեծապես նպաստում է Արցախում ժողովրդավարության ամրապնդման, երկրի հզորացման, մեր պետության վարկանիշի ձեւավորման գործին եւ հնարավորություն է տալիս արժանավայել կերպով ներկայանալ արտաքին աշխարհին:
Այդ գործելաոճը պետք է հետզհետե ավելի զարգանա ու կատարելագործվի: Հանցավորության դեմ արդյունավետ պայքարի կազմակերպումը, օրենքի գերակայության ապահովումը եւ մարդկանց ազատությունների պաշտպանությունը ԼՂՀ Սահմանադրության պահանջ է, որն անվերապահորեն պետք է իրականացվի ոլորտի յուրաքանչյուր աշխատակցի կողմից:
Վստահ եմ` դատախազությունն ունի անհրաժեշտ ներուժ իր առջեւ դրված խնդիրները արդյունավետ կերպով լուծելու համար, իսկ պետությունն էլ ըստ ամենայնի կաջակցի այդ գործընթացի հաջող կազմակերպմանը:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն ու մեծագույն հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում»:












