Գլխավոր » Լրահոս, Ջավախք, Վրաստան, Տարածաշրջան

Հայ-վրացական հարաբերություններում հարկ է խուսափել երրորդ ուժի առկայությունից

Նոյեմբեր 26, 2009թ. 18:40

ShirakՕրերս Լոռու մարզի  մի շարք հասարակական և  քաղաքական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ:

Հայտարարությունը պահանջ է` ուղղված Հայաստանի ու Վրաստանի իշխանություններին սահմանի վերագծման աշխատանքների, հայ-վրացական պետական սահմանի հստակեցման ու Հյուսիսային Լոռու հայ ազգաբնակչության իրավունքների պահպանման վերաբերյալ:

Սակայն նկատենք, որ այդ հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել. եթե ոմանց դիտարկմամբ այն ազգային շահեր է հետապնդում, ապա կան նաև հակառակը պնդողները, թե այն  երրորդ ուժերի նախաձեռնությունն է, որոնք «խիստ շահագրգիռ են հայ-վրացական հարաբերությունների վատթարացմամբ»:

Հայ-վրացական հարաբերություններում հիշյալ  «երրորդ ուժի» ներգրավման վերաբերյալ ArmAr.am-ին մեկնաբանություններ տվեց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:

Պատգամավորի մեկնաբանությամբ, Հայաստանի ու Վրաստանի միջև առկա խնդիրների բարձիթողի վիճակը նպաստավոր պայմաններ կստեղծի երրորդ ուժի համար. «Եթե խնդիրներ կան ու խորանում են, չեն լուծվում, բնականաբար, դժգոհության մթնոլորտ է ձևավորվում: Ջավախահայերն, օրինակ,  անվերջ դժգոհում են իրենց կարգավիճակի բացակայությունից: Նման իրավիճակներում միշտ էլ կգտնվի երրորդ ուժ, որը միջամտության փորձեր կկատարի»:

Երրորդ ուժի գործոնի առկայությունը հայ-վրացական հարաբերություններում պարոն Թորոսյանը գնահատում է խիստ բացասական, քանի որ հարաբերությունների կարգավորման լավագույն տարբերակը «հարցերը երկկողմանի ձևաչափով լուծելն է»: Բացի այդ, նշված ուժերը, պարոն Թորոսյանի մեկնաբանությամբ,  երկու երկրների հարաբերություններում ստեղծված «շիլա-շփոթը» փորձում են ծառայեցնել գլխավորապես իրենց նպատակներին. բնականաբար, սա ձեռնատու չէ ոչ վրացական, ոչ էլ առավել ևս հայկական կողմին. «Երրորդ ուժի միջամտությունից խուսափելու համար Վրաստանն առաջին հերթին պետք է իրերը կոչի իրենց անուններով: Հայկական կողմն էլ պետք է Վրաստանի ուշադրությունը սևեռի առկա խնդիրների լուծման ուղղությամբ, որպեսզի հայ-վրացական հարաբերությունների օրակարգային հարց դառնա վրացահայության և առաջին հերթին ջավախահայության խնդիրները` կրոնական, լեզվական, մշակութային և այլն»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ջավախք, Վրաստան, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն