Դեսպան Աշոտ Քոչարյան. «Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Լիբանանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը»
Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի հետ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը: Հանդիպման սկզբում Հայաստանի դեսպանը Սաադ Հարիրիին շնորհավորել է վարչապետի բարձր պաշտոնը ստանձնելու և Լիբանանի Հանրապետության Անկախության 66-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով վարչապետ Հարիրիին արգասաբեր գործունեություն և հաջողություններ, իսկ Լիբանանի բարեկամ ժողովրդին` բարգավաճում, առաջընթաց և հարատև խաղաղություն:
Դեսպան Քոչարյանը նշել է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը մշտապես բարձր են գնահատել Լիբանանի հետ բարեկամությունն ու համագործակցությունը, Հարիրի ընտանիքի ջերմությունն ու բարյացակամ վերաբերմունքը Հայաստանի և լիբանանահայության հանդեպ: Դեսպանը իր պատրաստակամությունն է հայտնել գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը Լիբանանի հետ բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և ընդլայնելու համար:
Վարչապետ Հարիրիի հավաստմամբ, Լիբանանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով: Զրուցակիցները համաձայնել են, որ հայ-լիբանանյան հարաբերությունները, որոնք ունեն բարեկամության և սերտ համագործակցության երկար տարիների բարի ավանդույթներ, պետք է զարգանան դինամիկ եղանակով: Նրանց համոզմամբ, անհրաժեշտ է մոտ ժամանակներում վերսկսել միջկառավարական հանձնաժողովի նիստերը, իրականացնել բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ, կազմակերպել համաժողովներ երկու երկրների գործարարների մասնակցությամբ:
Վարչապետ Հարիրին Հայաստանի դեսպանին հաջողություն է մաղթել դիվանագիտական աշխատանքում:
ArmAr.am












