Զոհված ազատամարտիկների պատգամին հավատարիմ
«Մեռիր այնպես, որ անգամ մահդ հայրենիքիդ ծառայի». հայոց մեծերի այս պատգամով Արցախի ազատության համար իրենց կյանքը զոհաբերեցին հազարավոր հայորդիներ: Եվ տարիների ընթացքում նրանց հարազատների կորստի ցավի հետ մեծանում է հայրենիքի շենացման գործի պարտքի գիտակցությունը, որը հենց իրենց` զոհված ազատամարտիկների պատգամն է:
1994 թվականից գործող` Զոհված ազատամարտիկների հարազատների միության գործունեությունը հենց դրան է ուղղված: Միության աշխատանքները պարբերաբար գումարվող համաժողովների ընթացքում են ամփոփվում, նախանշվում են հետագա անելիքները:
Միության` այսօր կայացած 8-րդ համաժողովին ներկա էին ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ` նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, հյուրեր ՀՀ-ից: Համաժողովի պատվիրակներին ողջույնի ուղերձ էր հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Միության նախագահ Գալյա Առստամյանը ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում միության գործունեությունը. շարունակվել է զոհված ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվող օժանդակությունը, տարբեր առիթներով միջոցառումների կազմակերպումը, ընդլայնվել են միության կապերը, շրջաններում տարվող աշխատանքները հստակեցվել են: Սա միության գործունեության միայն ընդհանուր պատկերն է: Այդ ճանապարհին շատերն են օժանադակել Զոհված ազատամարտիկների հարազատների միությանը. կազմակերպության նախագահը նրանց հիշատակեց անուն առ անուն:
Այս ընթացքում բարեկարգվել է զոհված ազատամարտիկների հուշաթանգարանը: Այստեղ արդեն հարյուրավոր նմուշներ են հավաքվել: Տարվա ընթացքում թանգարանը 14 հազար այցելու է ունեցել ինչպես հանրապետությունից, այնպես էլ արտասահմանից: Թանգարանն իր մասնաճյուղն ունի նաև Մարտակերտում:
Միությունը շարունակում է ակտիվ համագործակցել ՊԲ-ի հետ: Շնորհավորանքի խոսքում ԼՂՀ պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը կարևորեց այդ համագործակցությունը հատկապես նորակոչիկների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու առումով:
Կազմակերպության գործունեությունը դրական գնահատեց վերստուգիչ հանձնաժողովը:
Համաժողովն ընտրեց միության վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի նոր կազմ:
Համաժողովի աշխատանքն ավարտվեց Զոհված ազատամարտիկների հարազատների միության աշխատանքների մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրությամբ:
Նորայր Հովսեփյան












