Արամ Աթեշյան. «Վախենալով թուրք կառավարության ճնշումներից` հայերը չեն խոստովանել իրենց ազգությունը»
Պոլսո պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը թուրքական «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում ոչ միայն ներկայացրել է իր ընտանիքի ապրած դժվարությունները, այլ նաև անդրադարձել է թուրքական ճնշման ներքո կրոնափոխ եղած հայերի խնդիրներին:
Նա նշել է, որ Թուրքիայում այսօր կան մարդիկ, ովքեր միայն տասնամյակներ անց տեղեկացել են, որ իրենց պապերն ու տատերը հայեր են եղել, որ իրենք մինչ մահմեդական դառնալը քրիստոնյա են եղել:
Արամ Աթեշյանն ասել է, թե ցավալի է, որ Հայոց Ցեղասպանությունից անցել է հարյուր տարի, սակայն շատերը, վախենալով թուրքական կառավարության ճնշումներից, չեն խոստովանել, որ իրենք իրականում ազգությամբ հայ են: Այդ մարդիկ, ըստ Արամ Աթեշյանի, գտնվում են ծանր հոգեկան վիճակում: Նա շեշտել է, որ կրոնափոխության գործընթացը չի սահմանափակվել միայն 1915 թվականով, որ այն հետագայում ևս շարունակվել է և, հատկապես, մեծ ծավալների է հասել 1950-60-ական թվականներին:
Արամ Աթեշյանը տեղեկացրել է, որ ինքը ծնվել է 1954 թ. Դիարբեքիրում, ունի երեք քույր և երեք եղբայր, նրանցից մի քանիսը ճնշումների ներքո կրոնափոխ են եղել, ինչի համար հայ հոգևորականը մեծ ցավ է ապրում:
Ըստ նրա, կրոնափոխ եղած հայերը ծանր հոգեկան իրավիճակում են գտնվում և միայն մահվան շեմին են խոստովանում իրենց ազգային պատկանելությունը:
Անդրադառնալով Պոլսո Հայոց պատրիարքի` սպասվող ընտրություններին, Արամ Աթեշյանն ասել է, որ ինքը ևս պատրաստվում է իր թեկնածությունը դնել պատրիարքի ընտրություններում:
ArmAr.am












