Կատարվեց Ստավրոպոլի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի և զանգերի օծման արարողությունը
Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի դիվանից ArmAr.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 22-ին Հարավային Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի ձեռամբ կատարվեց Ստավրոպոլի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի և զանգերի օծման արարողությունը: Սրբազան Հայրը Սուրբ մյուռոնով օծեց եկեղեցու խաչն ու զանգերը:
Արարողության ավարտին Մովսես Սրբազանն իր օրհնության և շնորհավորական խոսքն ուղղեց բոլոր ներկաներին: Նա մասնավորապես նշեց. «1967թ. Սավրոպոլում քանդվեց Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, սակայն, սիրելիներ, եկեղեցին չքանդվեց, ապրեց ձեր սրտերում, և այսօր, 42 տարիներ հետո, մենք նորից կառուցում ենք այն ձեր անսահման հավատքի և սիրո շնորհիվ»:
Սրբազանը նաև բարձր գնահատանքի արժանացրեց եկեղեցու հիմնական բարերարներ Ժիրիկ Մխոյանին և Աշոտ Առուստամյանին:
Անձրևոտ եղանակը բնավ չխանգարեց, որպեսզի եկեղեցու բակում շարունակվեր տոնախմբությունը, երգն ու պարը:
ArmAr.am












