Հանո՞ւն, թե՞ ընդդեմ ջավախահայության
ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ՀՀ կառավարությանն է ներկայացրել «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնություն:
Շիրակ Թորոսյանի առաջարկությունը վերաբերում է օրենքի այն դրույթների վերափոխմանը, համաձայն որոնց օտարերկրացիները ՀՀ տարածքում 90 օրից ավել ժամկետում մնալուց հետո կամ պետք է լքեն երկրի տարածքը, կամ ձեռք բերեն ժամանակավոր կացության կարգավիճակ: Մինչդեռ Թորոսյանը համոզված է, որ օրենքի նման դրույթներն առաջին հերթին աննպաստ են ջավախահայության համար. «Ես պարզապես չեմ ցանկանում, որ ջավախահայն իր սեփական հայրենիքում իրեն օտար զգա, որ Հայաստանը նրա համար դառնա ընդամենը ժամանակավոր կացության վայր: Մենք ունենք շատ ջավախահայեր, որ աշխատում են Հայաստանում, սովորում են այստեղ: Իմ առաջարկության հետևանքով Սամցխե Ջավախի և Քվեմո Քարթլիի հայերը հանգիստ կարող են երկար ժամանակով գտնվել ՀՀ տարածքում, և ոչ թե հոգնելով սահմանափակ ժամանակահատվածից, ստիպված լինեն ընդունել ՀՀ քաղաքացիություն »,- մեզ հետ զրույցում ասաց պարոն Թորոսյանը:
Նշենք, որ Կառավարությունը պատգամավորի առաջարկությանը տվել է բացասական գնահատական, մեկնաբանելով, թե առաջարկվող փոփոխությունը, հակառակը, կնպաստի Ջավախքի հայաթափմանը:
Սակայն Շիրակ Թորոսյանը մեզ փոխանցեց, որ շարունակելու է պահանջել` փոփոխություններ մտցնել օրենքի վերոնշյալ կետերում, և այս անգամ արդեն նախաձեռնությամբ հանդես կգա խորհրդարանում:
ArmAr.am












