Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Որքա՞ն պիտի հայ մարդը ողնաշարը յոթնապատիկ ծալած երթևեկի

Նոյեմբեր 27, 2009թ. 15:08

avtobus.jpegՎերգետնյա հասարակական տրանսպորտի վերաբերյալ Հայաստանի Սպառողների ասոցիացիայի հետ բանավեճին հակառակ կողմից մասնակցում էր Երևանի քաղաքապետարան ներկայացուցիչը` աշխատակազմի տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը:

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը նախ ներկայացրեց իրենց կատարած հետազոտությունների արդյունքները, և համաձայն դրանց եզրահանգեց, որ տրանսպորտի վիճակն ամխիթար է. «Ունենք գերծանրաբեռնված տրանսպորտ, տրանսպորտային միավորների չափազանց մեծ խճողում, անհարմարություններ և տրանսպորտի, և սպառողների երթևեկության համար: Մենք կրում ենք մի քանի բացասական ազդեցություն` գումարային, առողջության, իսկ ամենակարևորն արժանապատվության խնդիրն է` ինչպե՞ս կարելի է, որ հայ մարդը ողնաշարը յոթնապատիկ ծալած երթևեկի, երբ կան հնարավորություններ մեծ տարողությամբ տրանսպորտի տեսակներն ավելացնելու համար: Էլեկտրատրանսպորտը ուղևորներին տեղափոխելու միակ արժանապատիվ ձևն է»,- ասաց Ա. Պողոսյանը` հավելելով, որ տրամվայը վերացվեց կամային որոշումով, ոչ թե տնտեսական հաշվարկների, և այժմ այն «հոգեվարքի մեջ է»:

Արմեն Պողոսյանը նաև նկատեց, թե  տնտեսվարող սուբյեկտները մեկ օրում մոտավորապես 270 000 դոլարի հասույթ են ստանում, իսկ եկամուտները հնարավոր չի եղել հաշվարկել, որովհետև տեղեկատվությունը լիարժեք չի տրամադրվել։

Սպառողների պաշտպանը հայտնեց, որ Երևանի Գլխավոր հատակագծով միկրոավտոբուսներն ընդհանուր հաշվեկշռում պետք է կազմեն 19.2 %, մանցածը պետք է լինեն տրանսպորտի տարողունակ տեսակները: Իսկ ներկայումս հակառակ վիճակն է և մինչև այն շտկվի, «Քրիստոսի երկրորդ գալուստը կգա»:

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության գխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը համաձայնեց, որ մայրաքաղաքում ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հիմնականում միջին և մեծ տեղատարողության ավտոբուսներով: Դրանք պետք է կազմեն 800, սակայն ավտոբուսների ներկրելը «շատ հեշտ չէ»: Այսօրվա դրությամբ ներկրվել է 384 ավտոբուս, որոնցից օրական երթուղի են դուրս գալիս 280-ը:

«Մեծ ծավալի ուղևորափոխադրումներն ընկնում են միկրոավտոբուսների վրա: Այսօր կա 100 տրոլեյբուս, որոնք գրեթե դատարկ են երթևեկում: Ուղևորափոխադրումների 70 %-ն ընկնում է միկորավտոբուսների վրա: Ուղևորին չի կարելի պարտադրել օգտվել տրանսպորտի որևէ տեսակից, մեր ժողովրդի մեջ ինչ-որ հոգեբանություն է` երիտասարդությունը կխցկվի միկրոավտոբուսը, բայց ուշադրություն չի դարձնի տրոլեյբուսին: Դա քաղաքապետարանի մեղքը չէ»,- հայտարարեց Կ. Հակոբյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն