Գլխավոր » Լրահոս

Կանանց ներուժից հրաժարվելը ճոխություն կլինի ցանկացած պետության`նաև Արցախի համար

Նոյեմբեր 27, 2009թ. 15:57

stepanakertՄիջազգային հանրությունը նոյեմբերի 25-ը նշում է որպես գենդերային  բռնության դեմ պայքարի 16-օրյակի մեկնարկ:

Բնական է` Արցախն էլ անմասն չի մնում այդ զարգացումներից: ԼՂՀ Սահմանադրության 21-րդ հոդվածն ամրագրում է կանանց եւ տղամարդկանց իրավահավասարությունը եւ հավասար հնարավորություններ ապահովում նրանց համար: Արդեն մոտ երկու տարի է` գործում է «Արցախի կանայք» հասարակական կազմակերպությունը: Նման կազմակերպության ստեղծման գաղափարն ինքնաբերաբար է ծնվել, խոստովանում է կազմակերպության նախագահ Ծովինար Բաղդասարյանը: Նպատակն էլ անսպասելի չէ. «Արցախի կանայք» էլ ցանկանում են ներկայացված ու գնահատված լինել:

Ընդ որում, նրանք համոզված են` պետությունը դրանից միայն կշահի: «Զուր չեն ասում` երկրի առանցքը կանայք են կազմում,-ասում է Ծ. Բաղդասարյանը:-Կանանց ունեցած ներուժից հրաժարվելը ճոխություն  կլինի ցանկացած պետության համար»:

Թե Արցախում որքանով է արդյունավետ օգտագործվում այդ ներուժը` փորձեցինք պարզել ԼՂՀ ազգային վիճակագրական  ծառայությունում:

Սկսենք նրանից, որ 2005-2009 թթ. Արցախի բնակչության կառուցվածքում կանայք վստահորեն պահպանում են թվական  գերակշռությունը: Ընդ որում, այդ ցուցանիշն աճի միտում ունի: Համենայն դեպս, այդ են վկայում վիճակագրական տվյալները:

Աճի   միտումը նկատելի է ամենատարբեր ոլորտներում:

Այսպես, 2008-2009 ուստարում պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  սովորել են 567 տղա և 798 աղջիկ:

Պետական բուհերում պատկերը գրեթե նույնն է. 2004 տղա` 2776 աղջկա դիմաց: Տղաները դեռ գերակշռում են արդյունաբերության եւ շինարարության, գյուղատնտեսության եւ նախնական զինվորական պատրաստության մասնագիտություններում:

Բնականաբար, ուշադրության կենտրոնում հայտնված հաջորդ ոլորտը պետք է դպրոցը լինի: Հենց այստեղ էլ լավագույնս դրսեւորվել է տղամարդկանց «պատվավոր նահանջը»: Թվերն ինքնին խոսուն են. 2008-2009 ուստարում հանրակրթական  դպրոցների ուսուցիչներից 3780-ը կանայք էին, 745-ը` տղամարդիկ:

Սակայն դա էլ ամբողջը չէ: Գեղեցկության հաղթարշավը դեռ նոր է մեկնարկում:

Հատկապես` գործադիրի շարքերում: 2008 թվականի տվյալներով` Արդարադատության նախարարության աշխատակիցների  մոտ 73 տոկոսը   կանայք են: Կանայք են առողջապահության նախարարության  աշխատակիցների ավելի քան 67 եւ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցների 64 տոկոսը: Գեղեցիկ սեռը գերակշռում է նաեւ ֆինանսների, սոցիալական ապահովության եւ տնտեսական զարգացման նախարարություններում: 12 նախարարական պորտֆելներից 4-ն այսօրվա դրությամբ պատկանում է կանանց: Նույն պատկերն է նաեւ համապատասխան ոլորտներում:

Գործադիր իշխանության որոշ ոլորտներ, այնուամենայնիվ, դեռ մնում են տղամարդկանց իրավասության տակ: Խոսքը վերաբերում է հիմնականում ուժային կառույցներին:

Դատական իշխանությունում եւս գեղեցիկ սեռը ներկայացված է հավուր պատշաճի:

Կանանց ներկայացվածության մակարդակն ավելի ցածր է օրենսդիր իշխանությունում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում: Այսպես, կանանց են պատկանում Ազգային ժողովի պատգամավորական 33 մանդատներից 4-ը:

Այդքանով հանդերձ` կանանց եւ տղամարդկանց աշխատավարձերի միջին ամսական ցուցանիշների տարբերությունը բավական տեսանելի է:

Բայց կանանց շրջանում աշխատելու ցանկությունը դրանից բոլորովին էլ չի պակասում:  Հանրապետության զբաղվածության ծառայությունում գրանցվածների թվում կանայք շարունակում են վստահ պահել առաջատարի դիրքերը:

Կանայք բավական դժվար են մուտք գործում նաեւ գործարար աշխարհ: «Բիզնեսը կարծես տղամարդկանց մենաշնորհի է վերածվել: Դա, ըստ էության, նաեւ մեր ազգային դիմագծին բնորոշ` կանանց եւ տղամարդկանց միջեւ հստակ դերաբաշխման արդյունքն է»,-կարծում է ԼՂՀ ԱՎԾ նախագահ Մանուշ Մինասյանը:

Գուցե դրանում իսկապես  իր դերն ունի նաեւ մեր ազգային մտածելակերպը: Կյանքը, սակայն, իր կանոններն է թելադրում: Այսօր արդեն գործարարների թվում կանանց ներկայությունը նկատելի է նաեւ մեզ մոտ` Արցախում: «Ես գործարար աշխարհ մտել եմ ակամա, կարելի է ասել` կյանքի պահանջից դրդված, բայց այսօր այդ ոլորտում աշխատում եմ սիրով»,- հավաստիացնում է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը:

«Եթե կյանքը չստիպեր, հնարավոր է, որ ես երբեւէ գործարար աշխարհի հետ այս տարբերակով չառընչվեի. կինն ի վերջո ավելի կարեւոր, հատուկ իր համար նախանշված պարտականություններ ունի: Օջախի պահպանությունը սուրբ գործ է: Ես դրանում համոզված եմ:- խոստովանում է Դոնարա Գաբրիելյանը,- հենց դա է կնոջ գլխավոր առաքելությունը»:

Նորայր Հովսեփյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն