Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Հոգևոր, Մշակույթ, Վրաստան

«Ունենանք ազգային ամուր ոգի, որ կարողանանք հակահարված տալ օտարի ոտնձգություններին»

Նոյեմբեր 28, 2009թ. 11:24

Ter HakobOրեր առաջ Երևանի Հանրապետության հրապարակից մինչ Վրաստանի դեսպանատուն ձգվեց Վրաստանի հակահայկական քաղաքականության դեմ բողոքի երթը: Երթի նախաձեռնության ու նաև արդյունքների մասին   տեղեկատվություն ստանալու նպատակով  ArmAr.am –ի լրագրողը զրուցեց բողոքի երթի կազմակերպիչ ու առաջնորդ տեր Հակոբ քահանա Խաչատրյանի հետ:

-Տեր Հակոբ,  Վրաստանի հակահայկական քաղաքականությունը` հայկական լեզվի, մշակույթի,  եկեղեցիների նկատմամբ վրացական կողմի ոտնձգությունները նորություն չեն: Պարզապես այսօր դրանք արվում են առավել  բացահայտ ու առավել ցինիկ ձևով, ինչն այլևս չի կարող Հայաստանում բողոքի ալիք չհբարձրացնել: Սբ. Գևորգ  եկեղեցու փլուզումը կարծես վերջին կաթիլն էր…

– Խնդիրն, այո, վաղուց էր հասունացել: Հետխորհրդային Վրաստանը հատուկ հակահայ քաղաքականություն էր որդեգրել, որ շարունակվում է մինչ օրս:

Վիրահայոց թեմն այսօր  ոչ մի իրավաբանական կարգավիճակ չունի, իրավունք չունի զբաղվելու Վրաստանի տարածքում գտնվող մեր  եկեղեցիներով, նրանցում իրականացնելու շինարարական ու վերանորոգման աշխատանքներ:  Մեր եկեղեցիներից  5-ի կարգավիճակն էլ վիճելի է համարվում. դրանք ուղղակի չեն պատկանում հայկական եկեղեցուն:

Հակահայկական նման   քաղաքականությունը կանխելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հայտարարություն եղավ Վրաստանի իշխանությունների ու եկեղեցու դեմ` պահանջով, որ վերադարձվեն մեր եկեղեցիները, որ խնամք տածվի դրանց նկատմամբ: Նմանատիպ հարցով ժամանակին Վրաստան էր մեկնել նաև ՀՀ վարչապետը, երկխոսություններ են  եղել Հայաստանի ու Վրաստանի արտգործնախարարությունների, մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Վեհափառ հայրապետի ու վրաց պատրիարքի միջև: Մինչ օրս ոչ մի արձագանք ու փոփոխություն չի եղել:

14-րդ դարում կառուցված Սբ. Գևորգ  եկեղեցու փլուզումից հետո արդեն ոչ մի այլ տարբերակ չէր մնում, քան դուրս գալ ու բողոքի ձայն բարձրացնել ի լուր բոլորի, ի լուր միջազգային կառույցների: Սա մի կարևոր ակցիա էր, որով փորձում էինք արժևորել մեր եկեղեցիների խնդիրները, մեր հոգևոր կյանքը, մեր քրիստոնյա լինելու հանգամանքը:

Նախաձեռնությունը Հայ Առաքելական եկեղեցունն է, եկեղեցու զավակներինը: Մի շարք երիտասարդական կառույցներ մեզանից անկախ արդեն նման մտահղացում ունեցել են, ուղղակի միավորվեցինք մեկ ակցիայի շրջանակներում:

Մեր իրականացրած բողոքի ակցիայով վրաց իշխանություններից և վրաց եկեղեցուց պահանջում էինք Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները և հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները:

– Տեր Հակոբ, բողոքի ակցիայի շրջանակներում երկխոսություն եք ունեցել նաև Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տաբատաձեի հետ` ներկայացնելով նրան հայկական կողմի պահանջները պարունակող ուղերձը: Ինչպե՞ս նա արձագանքեց հայերիս պահանջներին, ի՞նչ դիրքորոշում ուներ:

-Նախ մենք ոչ միայն ուղերձում նշված պահանջով հանդես եկանք, այլ նաև նախորդ տարվա նմանատիպ նամակների պատասխանները պահանջեցինք:

Վրաստանի դեսպանը մեզ ասաց, որ Սբ. Գևորգ եկեղեցին փլուզվել է քամիների պատճառով: Ուղղակի անհասկանալի է, ինչո՞ւ պիտի փլուզվեր 14-րդ դարի եկեղեցին, որը 7 դար շարունակ հաղթող է եղել բնական աղետների ու քամու դեմ ճակատամարտերում:

Պարզ է, ուղղակի փորձում են արդարացնել, կոծկել իրական միտումները` դրանով առավել քան  ապացուցելով, որ  Վրաստանում չի գործում խղճի ու մտքի ազատության օրենքը:

Վրաց դեսպանի հետ հանդիպման ժամանակ մենք նկատեցինք, որ նա անհանգստացած էր, խնդրեց, որ երթի մասնակիցները դադարեցնեն` «Ամո’թ», «Մի’ խեղաթյուրեք հայոց պատմությունը» և մյուս  վանկարկումները` պատճառաբանելով, թե խնդիրները նման տարբերակով լուծելը «պատշաճ չէ»:

Ես էլ հակադարձ հարց ուղղեցի` եթե պատշաճության հարթությունում դիտարկենք հարցն, այդ դեպքում պատշա՞ճ է, որ մեր եկեղեցիներն ավերվում են, կեղծվում են եկեղեցիների վրա եղած հայկական արձանագրությունները, ոչնչացվում` խաչքարերը…

Եթե վրացական կողմը խոսում է պատշաճության մասին, ուրեմն պետք է երկխոսությունը ևս ընթանա այդ դաշտում, հետևապես, մենք ակնկալում ենք նաև պատշաճ վերաբերմունք մեր եկեղեցու կողմից բարձրացված պահանջների նկատմամբ:

Եթե վրացական կողմի վարքը «պատշա~ճ» է, ուրեմն մենք էլ նման կերպ ենք ներկայացնում մեր պահանջը և բողոքում ենք:

Վերջում կուզենայի ասել նաև մեկ այլ կարևոր բան.  մենք պետք է կարողանանաք մեր երկրի ներսում բարձր պահել մեր ազգային ոգին, որպեսզի ազգային արժեքները գնահատելու ունակություն ունենանք` որպես ապահովագրում` օտարերկրյա ոտնձգություններից:

Հարցազրույցը` Արուսյակ Հոխիկյանի


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Հոգևոր, Մշակույթ, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն