ՀՀԿ համագումարը սկսվեց աղոթքով
Երևանի Մարզահամերգային համալիրից ArmAr.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին համալիրի մեծ դահլիճում ընթանում է Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարը: Ինչպես և ենթադրվում էր, համագումարին ներկա է քաղաքական ողջ վերնախավը:
Համագումարը բացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով, որը ողջունեց ներկա բոլոր հյուրերին, կուսակցության ներկայացուցիչներին: Ինչպես միշտ, այս անգամ ևս չխախտվեց ավանդույթը. հնչեց հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի աղոթքն ու բարեմաղթանքի խոսքը` ուղղված համագումարին:
Համագումարին ներկա էին տարբեր կուսակցությունների ու հ/կ-ների ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից: Հրավիրյալների շարքում էր նաև Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը` ի դեմ հայազգի Արթուր Չիլինգարովի: Վերջինս ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի և կուսակցության նախագահ Բորիս Գրիզլովի անունից շնորհավորեց համագումարի մասնակիցներին և ՀՀԿ անդամներին: Չիլինգարովն իր խոսքում անդրադարձավ հայ-ռուսական բարեկամությանն ու համագործակցությանը, նկատելով, որ այն նպաստում է տարծաշրջանային խաղաղության պահպանմանը: Անդրադարձավ նաև երկու երկրների միջև աճող տնտեսական համագործակցությանը` արձանագրելով, որ 20%-ով աճել է ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի և Հայաստանի միջև: Նա իր ելույթում ընդգծեց, որ խիստ գնահատելի է երկու երկրների միջև իրականացվող մշակութային համագործակցությունը:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև համագումարին հրավիրված հայաստանյան կուսակցությունների ներկայացուցիչները: ԲՀԿ խորհրդի անդամ Արամ Սաֆարյանը տեղեկացնելով, որ համագումարին չի կարողացել ներկա գտնվել կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, փոխանցելով իր կուսակցության ղեկավարի ողջույնը, ասաց, որ երկու կուսակցություններն էլ համախոհներ են և պետք է համատեղ կառուցեն բարգավաճ Հայաստան:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԱՄ ղեկավար Արտաշես Գեղամյանը: Նրա բնորոշմամբ, այս համագումարը ճակատագրական է, քանի որ.«Հայաստանը թևակոխել է զարգացման մի նոր փուլ, և յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է իրեն հաշիվ տա, թե ինչ ունի տալու երկրին և ոչ թե մտածի միայն նրանից ստանալու մասին»: Ա.Գեղամյանը նկատեց. «Ես ուրախ կլինեի, որ մեր երկրում ներքաղաքական իրավիճակը լիներ այնքան հարթ, որ ՀՀԿ համագումարին ներկա լինեին և Լևոն Տեր-Պետրոսյանը, և Ռոբերտ Քոչարյանը: Եվ աշխարհին կարողանայինք ներկայանալ միասնական ուժով»:
ArmAr.am












