ԱՄՆ-ի մամուլը Լեռնային Ղարաբաղի մասին 1919-1988 թթ.
ArmAr.am-ն իր ընթերցողներին է ներկայացնում «Ռեգնում» գործակալությունում հրապարակված` Հայկարամ Նահապետյանի «ԱՄՆ-ի մամուլը Լեռնային Ղարաբաղի մասին 1919-1988 թթ.» թեմայով ուսումնասիրությունը:
1918 թվականին ԱՄՆ-ն արդեն գերտերություն էր համարվում, իսկ ամերիկյան միսիոներները, զինվորականները, դիվանագետները և լրագրողները հավատարմագրված էին շատ պետություններում, այդ թվում նաև` Անդրկովկասի պետություններում: Առաջին աշխարհամարտին նվիրված փարիզյան խաղաղ համաժողովում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը Լլոյդ Ջորջի և Ժորժ Կլեմանսի հետ միասին գտնվում էր «հաղթողների մեծ եռյակի» կազմում: Փարիզում էր գտնվում նաև ամերիկյան Near East Relief մարդասիրական կազմակերպության գլխավոր տնօրեն Հերբերտ Հուվերը, ով հետագայում պետք է դառնար ԱՄՆ 31-րդ նախագահը (1929-1933թթ) :
Հուվերն Անդրկովկասում Near East Relief-ի ներկայացուցիչ Ժոզեֆ Գրինի տեղեկատվության հիման վրա համագումարի մասնակիցներին պարբերաբար տեղեկացնում էր Անդրկովկասում, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Հենց այդ ու «Ասոշեյթդ պրես»-ի հրապարակած տեղեկատվության, ինչպես նաև դիվանագիտական և այլ աղբյուրների վրա էլ հենց հիմնված էին 1919-1921 թթ. ԱՄՆ մամուլի անդրադարձները արցախյան թեմատիկային:
Ի՞նչ էր գրում այդ տարիներին ամերիկյան մամուլը:
Շտապեմ նկատել, որ ադրբեջանական կողմից 1918-1920 թթ. Արցախի` Ադրբեջանի տարածքում գտնվելու մասին պարբերաբար հնչող հայտարարությունների ֆոնի վրա ամերիկյան մամուլի արխիվներում ոչ մի նման բան չկա: Բոլոր հրապարակումներում Արցախը հիշատակվում է որպես «հայկական մաս» կամ «Հայաստանի մարզ` Ղարաբաղ» և այլն:
1919 թվականի հուլիսի 31-ին «New York Times»-ը, « Chicago Tribune»-ն և « Atlanta Constitution»-ը, օգոստոսի 1-ին` նաև Christian Science Monitor-ը, հրապարակեցին Թբիլիսիից մայոր Գրինի հեռագրի բովանդակությունը: Հունիսի 24-ի հեռագրում Գրինը գրում է. «Թուրքերն ու թաթարները շարժվում են Ղարաբաղի ու Ալագյազի ուղղությամբ: Նրանք օկուպացրել են ռուսաստանյան Հայաստանի տարածքը: Թուրքական գեներալ Հալիլն առաջնորդում է ադրբեջանցի թաթարներին: Մենք չենք կարող մարդասիրական գործունեություն իրականացնել, քանի դեռ բրիտանական ուժերը Հայաստանի, այդ թվում նաև Ղարաբաղի տարածքը թուրք-թաթարական ուժերից ազատելու հրահանգ չեն ստացել: Հիշյալ տարածքում վերջին արյունալի իրադարձությունները շատ մտահոգիչ են: Մի՞թե մենք ականատես կլինենք հայկական էթնոսն արմատապես ոչնչացնելու նպատակով կատարվող հերթական արշավանքին»:
Օգոստոսի 5-ին Christian Science Monitor-ը գրում է, որ Ղարաբաղն իր պատմության ընթացքում եղել է անկախ ու ինքնորոշ հայաբնակ տարածք:
Նույն ամսի 28-ին թերթը գրում է. «Ողբերգությունը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ թաթարները ձգտում են գրավել Ղարաբաղը` հօգուտ Ադրբեջանի թաթարական հանրապետության: Փարիզից ստացված տեղեկատվությունը հետևյալ պատկերն է ներկայացնում. հունիսի 4-ի առավոտյան ժամը 3-ին Ադրբեջանի թաթարական հանրապետության զինված ուժերը բռնի կերպով Արցախի նահանգապետ հռչակված Սուլթանովի գլխավորությամբ ներխուժեցին Շուշի` Ղարաբաղի կենտրոն:
Հատկանշական է, որ ամերիկյան պարբերականներն Ադրբեջանի մուսուլման բնակչությանը մերթ անվանում են թաթարներ, մերթ` թարթարներ: Մինչ 30-ական թվականների ավարտը Ադրբեջանի բնակչությունն «ադրբեջանցի» չէր անվանվում: Լենինը վերջիններիս անվանում էր «կովկասյան թաթարներ», իսկ 1929 թ. Թբիլիսիում հրատարակված «Անդրկովկասը թվային տվյալներով» տեղեկատուն վերջիններիս «թյուրքեր» է անվանում:
Հայկական կողմին հաջողվեց դիմակայել թուրք-ադրբեջանական ուժերի արշավին, իսկ երբ արդեն տեղում էր նաև 11-րդ կարմիր բանակը, Ղարաբաղում իշխանության էին անցել հայերը: Ահա և 1920 թվականի երկրորդ կեսի ամերիկյան թերթերի համապատասխան հրապարակումները: 1920 թ. հուլիսի 20-ին Washington Post-ի կենտրոնական թերթում «Բոլշևիկները տեղաշարժվում են Հայաստանում» վերտառությամբ հոդվածում մասնավորապես գրված է. «Հայկական կառավարությունը հրաժարվեց բավարարել ռուսական սովետական կառավարության վերջնահաշիվը, և բոլշևիկյան բանակը առաջ գնալու հրաման ստացավ: Ղարաբաղի տարածքն արդեն գրավված է»:
New York Times` հուլիսի 26. «Բոլշևիկների բավական շատ ուժեր են անցել Հայաստանի Ղարաբաղյան շրջան»: Նույն պարբերականը, օգոստոսի 2. «Բոլշևիկները շարունակում են ներխուժումը Հայաստանի Ղարաբաղյան և Զանգեզուրյան շրջաններ»:
New York Times պարբերականը մարտի 16-ին գրում է. «Ռադիոգիր Սիմոն Վրացյանից. «Բոլշևիկներն ամբողջովին կոտորված են, և Ղարաբաղից Ալագյազ ողջ երկիրը գտնվում է հայկական կառավարության վերահսկողության տակ»»:
Հարկ է նշել նաև, որ Ի. Վ. Ստալինի հրամանով Կովկասյան բյուրոյի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական հանրապետության ինքնավար հատված հռչակելուց հետո էլ ամերիկյան մամուլը շարունակեց լուսաբանել Ղարաբաղյան թեման` ներկայացնելով 1918-1921 թթ. հակամարտության պատմությունը:
1977 թվականի դեկտեմբերի 11-ին New York Times-ը մասնավորապես գրում է, որ հայերը դիմում են Խորհրդային կառավարությանը` ի դեմ Լ. Ի Բրեժնևի, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի տարածքում դիտարկելու խնդրանքով: «Չնայած այն բանին, որ Ղարաբաղի բնակչության 80%-ը հայեր են, 1923 թ. այն տրվեց թուրքալեզու մուսուլմանական բնակչություն ունեցող Ադրբեջանին»:
1988 թվականի փետրվարից հետո Ղարաբաղյան շարժման նոր ալիքի ու Սումգայիթում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին տեղեկությունները ցնցեցին ամերիկյան մամուլը:
Փետրվարի 29-ին Washington Post-ը գրում է, որ «Ղարաբաղը բոլշևիկների` 1923 թ. որոշմամբ Ադրբեջանին անցած ոչ մեծ լեռնային տարածք է»:
Չնայած մեծ քանակությամբ փաստերի առկայությանը, Բաքվում շարունակում են 1918-20 թթ. շրջանի քարտեզներ և ատլասներ հրապարակվել, որոնցում ոչ միայն Ղարաբաղը, այլ նաև ներկայիս Հայաստանի Հանրապետության որոշակի տարածքներ ինչ-որ հրաշքով հայտնվում են Ադրբեջանի տարածքում:
Ըստ էության, Լեռնային Ղարաբաղը 1918-1920 թթ. մուսուլմանական Ադրբեջանի տարածքում ներկայացնելը բացարձակ անտրամաբանական է, քանի որ հիշյալ հատվածի բնակչության 95 %-ը հայեր են: Նույնիսկ ԽՍՀՄ փլուզման ժամանակահատվածում, երբ Բաքվի կոմունիստական իշխանությունները ձգտում էին հնարավորինս կրճատել Ղարաբաղում հայ բնակչության թվաքանակը, հայերն այնտեղ կազմում էին ողջ բնակչության ոչ պակաս, քան 75 %-ը:
Եթե անգամ խորհրդային իշխանության շրջանում Ղարաբաղի հայերը կարողացան ինքնորոշման ալիք բարձրացնել և թույլ չտալ, որ Լեռնային Ղարաբաղը մնա ադրբեջանական իշխանության տակ, ապա էլ ինչու՞ 1918-20 թթ. գրեթե մոնոէթնիկ հայկական Լեռնային Ղարաբաղը պետք է գտնվեր Ադրբեջանի կազմում:
Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի տարածքում գտնվելու մասին հայտարարությունները հակասում են ոչ միայն շատ ամերիկյան պարբերականների հրապարակումներին, արձանագրություններին, արխիվային փաստաթղթերին, անհատական հուշագրություններին, այլ նաև առողջ բանականության ու տրամաբանության բոլոր կանոններին:
Աղբյուրներ`
1. “Turkish Army moves to destroy the Armenians”, Тhe New York Times, 31.07.1919
2. “Turks move to butcher Armenians:relief supplied sent by America burred by Turks: Hoover makes appeal to peace conference”; The Atlanta Constitution, 31.07.1919
3. “Turks, Tartars peril Armenia”; The Chicago Daily Tribune, 31.07.1919
4. “Kurds and Tartars attack Armenians from three sides”; The Christian Science Monitor, 01.08.1919
5. “Massacre reported of 200 Armenians”; The Christian Science Monitor; 05.08. 1919
6. “Tartars and Kurds slay Armenians”, The Christian Science Monitor, 28.08.1919
7. “Bolsheviki advance into Armenia; Will give aid to Turks”; The Washington Post, 20.07.1920
8. “Bolsheviki marching to join the Turks: Enver Pasha reported with force overrunning Armenia”; The New York Times; 26.07.1920
9. “Soviet invites Djemal Pasha to lead Mussulman reds”; The New York Times, 02.08.1920
10. “Greeks said to plan news drives on Turks”; The New York Times, 16.03.1921
“Armenians ask Moscow for help charging Azerbaijan with bias”; The New York Times; 11.12.1977
12. “Multiple ethnic conflicts challenging Gorbachev” The Washington Post, 29.02. 1988












