Սերժ Սարգսյան. «Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում»
«Եվս մեկ անգամ ի լուր աշխարհի ուզում եմ շեշտել. հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումը, Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը որևէ կերպ չի նշանակում Հայոց ցեղասպանության ուրացում կամ մոռացության մատնում: Ընդհակառակը, վստահ եմ, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով, թուրքական հասարակության հետ շփվելով` հնարավոր կլինի արագացնել ճանաչման գործընթացը Թուրքիայի ներսում և ողջ աշխարհում»: Այսօր ՀՀԿ համագումարում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա նկատել է, որ, իրոք, կան արդարացի մտահոգություններ` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հնարավոր սցենարների վերաբերյալ, սակայն, Հայաստանն, այնուամենայնիվ, չպետք է վախենանք այդ պետության հետ հարաբերություններից, չպետք է ընկրկենք դժվարությունների առջև, չպետք է հետ կանգնենք համարձակ քայլեր կատարելուց: «Հակառակը, մենք պետք է վճռականորեն շարունակենք մեր քաղաքականությունը, հաշվարկված և խելամիտ քայլերի միջոցով հասնելով մեր ազգային և պետական խնդիրների լուծմանը»:
ArmAr.am












