ՀՀ նախագահ. «Մենք թույլ չենք տա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն»
«Հայաստանը կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով, սակայն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն մենք թույլ չենք տա և ցանկացած ոտնձգության պատրաստ ենք արձագանքել ամենակոշտ միջոցներով»: Այսօր հայատարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների կողմից հռչակված սկբունքները նույնն են և ամրագրված են Հանրապետական կուսակցության ու ՀՀ Նախագահի ծրագրերում: Նախագահը նկատել է, թե այդ հիմնարար սկզբունքները եղել և մնում են Հայաստանի իշխող կուսակցության` ՀՀԿ-ի ուղենիշը և այս սկզբունքներով էլ վարվում ենք բանակցությունները:
Ինչպես նկատել է ՀՀ նախագահը, հակամարտության կարգավորումը չափազանց բարդ գործընթաց է, և դրա վերջնական կարգավորման համար կարող են պահանջվել տարիներ, միաժամանակ հավելել, որ հակամարտության կարգավորման ներկայիս հանգրվանն իրեն հույս է ներշնչում.«Որ կարող ենք ողջամիտ ժամկետներում այն իր տրամաբանական ավարտին հասցնել»:
Սերժ Սարգսյանը հայտարարել է.«Մենք ի լուր աշխարհի հաստատապես հայտարարել ենք, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է խարսխվի մարդու և Ղարաբաղի ժողովրդի` որպես հավաքական ինքնության արտացոլողի կամքի վրա: Միայն այդ դեպքում լուծումը կարող է լինել տևական, իրականանալի և խաղաղ:
Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու միջազգայնորեն ամրագրված այն մեխանիզմները, որոնք կապահովեն այդ լուծումների իրականացումը»:
«Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերություններում մենք լինելու ենք մեր ազգային ու պետական շահերը ամեն ինչից բարձր դասող և վճռական` գործը մինչև վերջ հասցնելու հարցում:
Միանշանակ է, որ հակամարտությունները երկարաժամկետ և կայուն լուծում են ստանում միայն այն դեպքերում, երբ հիմնված են արդարության ու խելամիտ փոխզիջումների վրա: Անցել են սեփական հողի վրա ապրող ժողովրդի գաղութացման ժամանակները»,- հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում:
ArmAr.am












