Սերժ Սարգսյան. «Եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը, ապա Հայաստանը կձեռնարկի համարժեք քայլեր»
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ ունենալով ՀՀԿ համագումարում` անդրադարձել է հայ-թուրքական արձանագրություններին: Նա մասնավորապես ասել է.
«Այսօր, երբ արդեն ստորագրված են հայ–թուրքական արձանագրությունները, կարելի է վստահությամբ հայտարարել, որ թեև մենք դեռևս գտնվում ենք գործընթացի սկզբնամասում, և արձանագրությունները դեռևս պետք է վավերացվեն ու լիարժեքորեն կյանքի կոչվեն, միանշանակ է, որ մեզ հաջողվել է կոտրել սառույցը և զգալիորեն առաջ անցնել Թուրքիայի հետ հարաբերություններում»:
ՀՀ նախագահի համոզմամբ, դա կնպաստի ինչպես մեր երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացմանը, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության, խաղաղության ու կայունության ամրապնդմանը:
«Այժմ մենք հասել ենք մեր երկրների խորհրդարաններում արձանագրությունները վավերացնելու փուլին: Դա մի գործընթաց է, որում, ինչպես հայելու մեջ, պետք է արտացոլվի կողմերի լրջությունը, նրանց խոսքի արժանահավատությունը և պատասխանատվության զգացումը»,-ասաց Ս. Սարգսյանը:
Նա հավաստիացրեց, որ Հայաստանն իր ստանձնած միջազգային պարտավորությունները հարգող և պատշաճ կերպով կատարող երկիր է: Եվ հույս հայտնեց, որ Թուրքիան ևս այդ սկզբունքով է առաջնորդվում:
ՀՀ նախագահը նաև շեշտեց, որ այս խնդրում գործում է «խելամիտ ժամկետներում» կոչվող սկզբունքը: «Եթե Թուրքիան ձգձգի վավերացման գործընթացը, ապա, ինչպես արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, Հայաստանն առանց հապաղելու կձեռնարկի միջազգային իրավունքին համապատասխան համարժեք քայլեր»:
Միևնույն ժամանակ ՀՀ նախագահը շեշտեց, որ Հայաստանը պատրաստ է արդյունավետորեն շարունակելու սկսված գործընթացը: Եվ տեղեկացրեց. «Ես արդեն դիմել եմ Սահմանադրական դատարան` հայ–թուրքական արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար»:
ArmAr.am












