Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ալիևի խոստովանությունը` Արցախը հայաթափելու իր քայլերի վերաբերյալ

Նոյեմբեր 28, 2009թ. 16:56

Geidar AlievԱդրբեջանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար, այնուհետև` անկախացած Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը «Զերկալո» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է խորհրդային տարիներին Արցախը հայաթափ անելու ու երկիրն ադրբեջանցիներով լցնելու իր քաղաքականության մի քանի մանրամասներ:

Կարծում ենք` ալիևյան խոստովանությունը կհետաքրքրի հայ ընթերցողին.

«Լեռնային Ղարաբաղի հարցը շատ հին է և ձգվում է 20-րդ դարի սկզբից: Անցյալում, երբ ես դեռ աշխատում էի անվտանգության օրգաններում, իրավիճակն այնտեղ նորմալ չէր,  նորմալ չէր նաև խորհրդային ժամանակահատվածում: Իմ`առաջին քարտուղար եղած տարիներին աջակցում էի Լեռնային Ղարաբաղի բարգավաճմանը` ամեն կերպ ձգտելով փոխել տեղի բնակչության ժողովրդագրական պատկերը:

Լեռնային Ղարաբաղն այդ ժամանակաշրջանում բուհ, համալսարան բացելու հարց էր բարձրացրել: Մեզ մոտ բոլորը դեմ էին, իսկ ես մտածեցի ու որոշեցի բացել, բայց միայն մի պայմանով, որ այդ հաստատությունը բաժանված լիներ երեք հատվածի` ադրբեջանական, ռուսական և հայկական: Բացեցին, և մենք հարակից շրջանների ադրբեջանցիներին Բաքվի փոխարեն ուղարկեցինք Ղարաբաղ: Քանի որ Ստեփանակերտն աշխատուժ չուներ, մենք այնտեղ բացեցինք նաև  կոշիկի ֆաբրիկա ու որպես աշխատուժ ուղարկեցինք մոտ տարածքներում ապրող ադրբեջանցիներին: Այս և նման այլ միջոցներով աշխատում էի Ղարաբաղը բնակեցնել ադրբեջանցիներով, որ այնտեղ հայերի քանակը պակասեր, հարաբերակցությունը փոխվեր` հօգուտ ադրբեջանցիների:  Նրանք, ովքեր այդ ժամանակ աշխատել են Ղարաբաղում, լավ տեղյակ են այս ամենին:

Իմ կամքի ուժի ու բնավորության այլ հատկանիշների շնորհիվ իմ խոսքը ղեկավարության համար օրենք էր»,-հարցազրույցում ասել  է Հեյդար Ալիևը:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն