Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

«Մենք սպառել ենք ոչինչ չանելու չափաբաժինը»

Նոյեմբեր 28, 2009թ. 20:00

NikoyanՀարցազրույց ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ

-Շատ է խոսվում այն մասին, որ ՀՀԿ ներկայացուցիչները իշխանության բոլոր թևերում են։ Միայն վարչապետն էր անկուսակցական, նա էլ անցավ ՀՀԿ շարքերը։ Ժամանակին նույն կերպ`         ամենուր էր ՀՀՇ-ն, հիմա՝ ՀՀԿ-ն է։ Վտանգավոր միտումներ այստեղ չե՞ք տեսնում։

-ՀՀԿ-ն կարող էր, դեռ ի սկզբանե` խորհրդարանային ընտրություններից հետո,  կուսակցության անդամներով ձևավորել ամբողջ կառավարությունը. իր ստացած ձայների քվեն տալիս էր այդ հնարավորությունը։ Սակայն ՀՀԿ-ն այդպես չվարվեց, այլ կազմեց Կոալիցիա և իշխանության մեջ ներգրավեց այլ կուսակցությունների։ Սա նշանակում է` մինձնյա ղեկավարելու հնարավություն ունենալով, ՀՀԿ-ն չգնաց այդ ճանապարհով։ Այսինքն՝ մենք, մեզ հասանելիք իշխանությունը կիսել ենք այլ կուսակցությունների հետ՝ հասկանալով հանդերձ այն մտահոգությունը, որ դուք արտահայտեցիք։  Մենք այն համոզմունքին ենք, որ ժողովրդի քվեին արժանացած  կուսակցությունները ևս ասելիք ու անելիք ունեն մեր երկրում։

Ինչ վերաբերում է վարչապետի` ՀՀԿ-ի շարքերն ընդգրկվելուն, ապա խնդիրն այն է, որ և  վարչապետը, և երկու նախարարները, որոնք Համագումարի որոշմամբ այսօր դարձան Հանրապետականներ, մինչ այժմ լինելով անկուսակցականներ, սակայն միևնույն է իրականացնում էին երկրի նախագահի և ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվում, երբ նրանք հիմա դառնում են ՀՀԿ կուսակցության անդամ, դրանով միայն բարձրանում է նրանց քաղաքական պատասխանվության մակարդակը։

-ՀՀԿ համագումարում ընդգծվեց  այն միտքը, որ ազգային շահը միասնություն է պահանջում։ Անհրաժեշտության դեպքում, հանուն ազգային շահի, հնարավոր համարո՞ւմ եք ընդդիմության հետ համագործակցությունը։

-Այդ համագործակցությունը տարիներ շարունակ եղել է։ Օրինակ, երբ մենք խորհրդարանական պատվիրակության կազմով արտերկրում ենք լինում, ընդդիմությունը, գրեթե մշտապես, ազգային հարցերում իշխանության հետ նույն  դիրքորոշումներով է հանդես գալիս։ Եթե այսօր որևէ ուժ այլ դիրքերից է հանդես գալիս, դա դեռ ոչինչ չի նշանակում:    Ուզում ասել,    պետականության ավանդույթ ունենցող երկրներում` ընդդիմությունն ու իշխանությունը արտաքին քաղաքական հարցերում ունեն իրենց հստակ դերաբաժանումը, ինչն էլ շատ հստակորեն իրագործում են։ Ես հուսով եմ, որ մեզ մոտ ևս հնարավոր կլինի դա իրականացնել։

– Ելույթներից մեկում այն միտքն արտահայտվեց, որ  պետական ինստիտուտի կայացման տեսանկյունից լավ կլիներ, որ ներկա լինեին նաև  ՀՀ նախկին երկու նախագահները, մինչդեռ նրանք բացակայում են…

-Այո ցանկալի կլիներ, որ նրանք հրավիրված լինեին։ Եթե ոչ կուսակցական միջոցառումների, գոնե մի շարք պետական միջոցառումների ժամանակ, օրինակ՝ անկախության օրը, բոլոր նախագահները պետք է միասին լինել, բոլոր վարչապետները, ԱԺ նախագահները պետք է հրավիրված լինեն։ Պետական միջոցառումների ժամանակ ճիշտ է նրանց հրավիրելը, նաև նրանց մասնակցությունը։

-ՀՀ նախագահն ասաց, որ դժվարին այս ճանապարհին կարող են նաև սխալներ լինել։ Բայց մտահոգիչ չէ՞, որ դրանք կարող են նաև ճակատագրական լինել…

-Անսխալական մարդ չկա։ Անսխալական է միայն Արարիչը։ Նրանից ներքև արդեն յուրաքանչյուր մարդ տեսականորեն իր գործողությունների մեջ կարող և սխալներ թույլ տալ։ Որևիցե մեկն ապահովագրած չէ սխալներ թույլ տալուց։ Լավագույն դեպքում՝ կարող ես ոչինչ չանել։ Բայց մենք սպառել ենք ոչինչ չանելու լիմիթը։ Եվ այսօր ոչինչ չանելը հավասարազոր է սխալվելուն։ Այսինքն՝ պետք է կոնկրետ գործողություններ անել։ Իսկ դրա համար, պետք է լսել բոլորի տեսակետները։ Ղեկավարի ուժը կայանում է նաև նրանում, որ նա կարողանա բոլորին լսելով   կայացնել  վճիռ և իրականացնել այն։

-Չե՞ք կարծում, որ հայ-թուրքական արձանագրությունները պետք է  վավերացվեն որոշակի վերապահումներով, օրինակ, պետք է լինի այնպիսի կետ,   որ եթե Թուրքիան չկատարի իր պարտավորությունները, ապա Հայաստանը հնարավորություն ունենա չեղյալ համարել այդ արձանագրությունները։

-Ըստ միջազգային պայմանագրերի, եթե որևէ կողմ չի կատարում համաձայնագրում նշված դրույթները, ապա մյուս կողմը համաձայնագրից կարող է հրաժարվել։ Այսինքն, մենք այդպես կարող ենք անել ցանկացած պարագայում։ Ցանկացած դեպքում՝ հետդարձի այդ իրավունքը և հնարավորությունը մենք ունենք։ Մենք ուզում ենք զարգացում, դեպի այդ հարաբերությունների բարելավում։ Նահանջել` միշտ էլ կարող ենք։

Հարցազրույցը`Գոհար Փիլթոյանի


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն