Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

Ո՞վ կհաղթի թուրք-քրդական պատերազմում

Նոյեմբեր 30, 2009թ. 09:30

ojalan1Թուրքիայի կենտրոնական իշխանությունների և Արևմտյան Հայաստանի տարածքում բնակվող քրդերի միջև հարաբերություններն օր օրի լարվում են: Այնտեղ բնակվող քրդերը, որոնց թվակաքանակը մոտենում է 20 միլիոնի, պահանջում են ինքնավարություն, որի համար պայքարում բավական լուրջ հաջողությունների են արդեն հասել:

Տարածված լրատվության համաձայն, Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել քրդաբնակ նահանգներում քաղաքների և բնակավայրերի տեղանունները գրել նաև քրդերենով: Այդ նախաձեռնության հեղինակն է Դիարբեքիրի քաղաքապետարանը, որտեղ իշխում է Ժողովրդավարական հասարակության Կուսակցությունը` քրդերի շահերը ներկայացնող գլխավոր քաղաքական ուժը: Իհարկե, այս փաստը կարելի էր միանգամայն բնականոն համարել, մանավանդ որ, միջազգային օրենքի բոլոր դրույթները պահանջում են, որպեսզի ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքներում գործավարությունը վարվի երկու լեզվով: Սակայն, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Թուրքիայի իշխանություններն ընդհանրապես արգելել են քրդերենի օգտագործումը հասարակական վայրերում, ապա հասկանալի կլինի, որ Դիարբեքիրի քրդերին իսկապես հաջողվել է Թուրքիայի իշխանությունների գործունեության տրամաբանության մեջ կարևոր բան փոխել:

Թուրքերի և քրդերի հարաբերությունների լարվածությունը պատմական խոր արմատներ ունի: Սակայն ներկայումս նրանց միջև առկա խնդիրները հասել են իրենց գագաթնակետին: 1984 թվականից ի վեր, երբ Քրդական աշխատավորական կուսակցությունն առաջին անգամ ռազմական գործողություն է իրականացրել ներկայիս Թուրքիայի տարածքում, երկու կողմերի զոհերի թիվը կազմել է մոտ 40 հազար մարդ: Այսինքն, միջին հաշվարկով, թուրք-քրդական պայքարի արդյունքում ամեն տարի սպանվում է 1600 մարդ: Սա կոչվում է պատերազմ: Եվ եթե քրդաբնակ շրջանների տեղանունները երկու լեզուներով գրելու Թուրքիայի կառավարության որոշումը դիտարկենք այս տեսանկյունից, ապա կարելի է փաստել, որ քրդերը հաղթել են ևս մեկ ճակատամարտ:

Սակայն թուրք-քրդական հակամարտության մեջ քրդերն ունեն շատ ավելի կարևոր ձեռքբերում, քան սեփական լեզվով սեփական բնակավայրերի անունները կոչելն է: Խոսքը վերաբերում է քրդական հարցի միջազգայնացմանը: Այսօր աշխարհի բոլոր պետություններն իրենց քաղաքական հաշվարկներն անելիս մեծ կարևորություն են տալիս տարածաշրջանի քրդական գործոնին: Ակնհայտ է, որ քրդերն ունեն ակտիվ դերակատարություն ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Կովկասին և Սև ծովին հարող տարածաշրջանում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների հակաահաբեկչական պատերազմն Իրաքում հանգեցրեց նրան, որ այդ երկրի հյուսիսում, փաստորեն, ստեղծվեց անկախ քրդական պետականություն: ArmAr.am Էլեկտրոնային կայքն արդեն անդրադարձել է Իրաքյան Քրդստանին վերաբերող մի շարք հարցերի: Իրականությունն այն է, որ տեղի է ունեցել բացառիկ մի դեպք, երբ Քրդական պետության գաղափարը հավանության է արժանացել թե’ Մոսկվայում, թե’ Վաշինգթոնում և թե’ Բրյուսելում: Քրդական հարցում արևմտա-ռուսական այսպիսի դաշինքը լիովին անսպասելի էր թուրքական կառավարության համար, որը վերջերս հայտարարեց, թե Թուրքիային սպառնացող ամենամեծ վտանգը Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական գործողություններն են: Այդ իսկ պատճառով Թուրքիայի պաշտպանության նախարարությունում որոշում է կայացվել խստացնել պայքարը քրդերի դեմ. «Ծրագրել ենք Սիրիայի սահմանում` 18, Իրան-Իրաքի սահմանում` 17 և Հայաստանի սահմանում` 11 ուղեկալային մասնաշենք կառուցել», – վերջերս հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը: Ակնհայտ է, որ պաշտոնական Անկարան նման ճանապարհով պարզապես փորձում է մեկուսացնել քրդերին արտաքին աշխարհից, որպեսզի երկրի ներսում փորձի ինչ-որ կերպ լուծել նրանց հարցերը:

Սակայն, չնայած Անկարայի բոլոր ջանքերին, համաշխարհային քաղաքականության կարևորագույն հարցերից մեկը մնում է այն, թե ինչ կարգավիճակ պետք է ունենան քրդերը «Մեծ Մերձավոր Արևելքում»: Շատ վերլուծաբաններ գտնում են, որ ուշ թե շուտ պաշտոնական Անկարան ստիպված է լինելու տեղի տալ քրդերի պահանջներին և ճանաչել նրանց ինքնավարությունը: Հակառակ պարագայում, լարվածությունը Թուրքիայի քրդաբնակ տարածքներում գնալով կմեծանա: Սակայն կբավարարվե՞ն, արդյոք, քրդերն ինքնավարությամբ: Սա թերևս այն հարցն է, որը դեռևս ստիպում է պաշտոնական Անկարային շարունակել քրդերի հետ պայքարը կոշտ մեթոդներով:

Հրանտ Մելիք-Շահնազարյան


Դիտել Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն