Ռուսաստանն առաջարկում է հակամարտությունների կարգավորման նոր մեխանիզմներ
Այսօր կամ վաղը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կհրապարակի համաեվրոպական անվտանգության նախագծի տեքստը: Այդ մասին հայտարարել է ինքը` Մեդվեդևը: Նա ասել է, թե Ռուսաստանը հանդես կգա եվրաատլանտյան տարածաշրջանի անվտանգության նոր պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Պաշտոնական Մոսկվայի կարծիքով նոր պայմանագիրը հնարավորություն և հավասար երաշխիքներ կտա այդ տարածաշրջանում առկա բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին:
Մեդվեդևի խոսքերի համաձայն, Ռուսաստանի շատ եվրոպական գործընկեր պետություններ պատրաստակամություն են հայտնել քննարկել Մոսկվայի հետ այդ փաստաթուղթը, սակայն ցանկանում են մանրամասնորեն ծանոթանալ դրա գլխավոր դրույթների հետ: «Այդ իսկ պատճառով որոշում եմ կայացրել ամեն ինչ թղթին հանձնել», – ասել է Մեդվեդևը: «Այնտեղ կլինեն հակամարտությունների կարգավորման մեխանիզմներ, ինչը շատ արդիական է անցած տարվա օգոստոսյան դեպքերից հետո: Փաստաթուղթը չի հակասում Հելսինկյան ակտին և այլ եվրոպական պայմանագրերին», – նշել է Ռուսաստանի նախագահը:
ArmAr.am
Թեգեր` Ռուսաստան, Դմիտրի Մեդվեդև, Անվտանգություն, Պայմանագիր. Եվրոպա












