Առողջապահության նախարարությունում «կոմպետենտ» չեն
Որքան ձմեռը մոտենում է, այնքան ավելի է մեծանում բոտուլիզմ կոչվող սննդային թունավորման հավանականությունը:
Հենց այս ժամանակաշրջանում է, որ մարդիկ ավելի շատ են օգտվում պահածոյացված սննդամթերքից, որի պատրաստման ընթացքում թույլ տրված սխալները հիշյալ հիվանդության առաջացման համար պարարտ հող են նախապատրաստում:
Բոտուլիզմն առաջանում է կլլման ճանապարհով մարսողական համակարգ ներթափանցած թունավոր նյութերի հետևանքով:
Հիվանդության նշանները սովորաբար ի հայտ են գալիս բոտուլոտոքսին պարունակող սննդի ընդունումից հետո 2 ժամվա ընթացքում, երբեմն նաև մի փոքր ավելի ուշ: Նշաններից են` ուժեղ գլխացավը, մկանների թուլացումը, թունավորված մարդու տեսողությունը դառնում է մշուշոտ ու երկատված, ձայնը` խռպոտված, կարող է առաջանալ նաև շլություն: Տուժածի մոտ թույնի ներգործման հետևանքով դժվարանում է շնչառությունը, երբեմն կարող է առաջանալ որովայնի փքվածություն, սրտխառնոց ու փսխում: Նման երևույթների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է անհապաղ զանգահարել Շտապ օգնության ծառայություն ու հիվանդին անհապաղ հոսպիտալացնել:
Պահածոյացված սնունդը հավանական թունավոր նյութերից ազատելու համար անհրաժեշտ է եռացնել ոչ թե պահածոյացման ժամանակ (ինչպես սովորաբար անում են մեր տնային տնտեսուհիները), այլ օգտագործելուց առաջ` մինչև 15 րոպե տևողությամբ:
Բնակչության շրջանում առավել մանրամասն տեղեկատվության տարածման, կանխարգելիչ միջոցառումների ու տարվա տարբեր հատվածներում հիվանդության գրանցման թվաքանակի հետ կապված հարցերով ArmAr.am-ը դիմեց Առողջապահության նախարարություն:
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ, ի զարմանս մեզ, պարզվեց, որ հիշյալ խնդրի հետ կապված տեղեկատվության տրամադրումը չի մտնում առողջապահական գլխավոր գերատեսչության «կոմպետենտության» մեջ: Փոխարենը մեզ առաջարկեցին զանգահարել մի քանի «կոմպետենտ» մարմինների (իրենց կողմից հիշատակված մարմինների անվանումներն անգամ հաճախ ստույգ չգիտեին), որոնք, ինչպես հետագայում պարզվեց, ևս «կոմպետենտ չեն» այդ հարցում:
Խնդիրն այստեղ ոչ թե մեր` տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումն է, այլ բացարձակ անտարբերությունը հարցի նկատմամբ: Ենթադրվում է, որ հիշյալ կառույցն ինքը պետք է դիմեր լրատվամիջոցներին` բնակչությանը հիվանդության մասին տեղեկություններ տրամադրելու և, հետևաբար, նաև հիվանդանալու հավանականությունը փոքրացնելու համար:
ArmAr.am












