Գլխավոր » Լրահոս

Կրթության համակարգը պետք է ավելի արդյունավետ և դինամիկ դառնա

Նոյեմբեր 30, 2009թ. 18:29

«Սոցիալական գործընկերությունը Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում» նախագծի ամփոփիչ համաժողովն այսօր բացվեց «Անի պլազա» հյուրանոցում: Համաժողովի հիմնական նպատակն էր ներկայացնել նախագծի արդյունքներն ու քննարկել ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության հետագա զարգացման հեռանկարները: Համաժողովին մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական Հանձնաժողովի պատվիրակության բարձրաստիճան պաշտոնյաներ,  միջազգային կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև ուսումնական հաստատությունների տնօրեններ, խորհուրդների նախագահներ, զբաղվածության տարածքային կենտրոնների տնօրեններ: ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանը, բարձր գնահատելով եվրոպական կառույցների և սոցիալական գործընկերությունը ներկայացնող տեղական հատվածների աշխատանքն այս ոլորտում, նշեց. «Մենք միասին փորձել ենք աշխատաշուկա-տնտեսություն–սոցիալական ենթակառուցվածքներ օղակների միջոցով ապահովել պատվերը կրթական համակարգին:  Որպես արդյունք` որակյալ կադրեր-աշխատաշուկա մոդելը շատ կարևոր և անհրաժեշտ ձևաչափ է յուրաքանչյուր զարգացած տնտեսություն ունեցող կամ դրան հավակնող երկրի համար: Այս ծրագրի միջոցով մենք փորձել ենք դա իրականացնել թեկուզ փոքր, բայց, հիրավի, կարևոր մի հատվածում` միջին մասնագիտական կրթության համակարգում, և կարծում եմ` ստացվել է: Կրթության համակարգը պետք է վերակազմակերպվի, ձևափոխվի, ավելի արդյունավետ և դինամիկ դառնա, իսկ դրա պատվերը  կարող է տալ միայն զարգացող կամ զարգացման հավակնություններ ունեցող, նոր բովանդակային պահանջ ձևակերպող տնտեսությունը»:
Համաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը և ԵԿՀ գործառնական բաժնի պետի տեղակալ Արյեն Վոսը:
«Սոցիալական գործընկերությունը Հայաստանի մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) ոլորտում» նախագիծն իրականացվում է «Գլոբալ զարգացումներ» հիմնադրամի կողմից` Եվրոպական Միության գործակալություններից մեկի` Եվրոպական Կրթական Հիմնադրամի ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2007 թվականին` սոցիալական երկխոսության կայացմանը վերաբերող ռազմավարական խնդիրները բացահայտելու ու դրանց լուծումներ առաջարկելու, ՀՀ կառավարության և սոցիալական գործընկերների միջև համագործակցության վերաբերյալ եռակողմ համաձայնության ձևավորմանը և սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալացմանը նպաստելու նպատակով: Նախագծի գործունեության արդյունքում համապատասխան աշխատանքային խումբն ուսումնասիրել է ՄԿՈՒ ոլորտում մի շարք եվրոպական երկրների սոցիալական գործընկերության փորձը և կատարել Հայաստանում այդ բնագավառում առկա իրավիճակի վերլուծություն: ՀՀ վարչապետի  որոշմամբ ստեղծվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհուրդը» (ՄԿՈՒԶԱԽ), որը հանդիսանում է սոցիալական գործընկերության սկզբունքով գործող եռակողմ մարմին և ընդգրկում է ՀՀ կառավարության, գործատուների և արհմիությունների հավասար թվաքանակով ներկայացուցիչներ: 2008 թվականին ստեղծվել են արհեստագործական ուսումնարանների և քոլեջների կոլեգիալ կառավարման մարմինները` խորհուրդները: 2008թ. մշակվել է «Հայաստանի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը»: 2009թ. ԵԿՀ-ի կողմից` միջազգային փորձագետների օժանդակությամբ, վերապատրաստվել են մի խումբ տեղական փորձագետներ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն