ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը մասնակցել է Բրյուսելում կազմակերպված համաժողովին
Ս.թ. նոյեմբերի 27-ին «Եվրոպական քաղաքականության կենտրոնը» Բրյուսելում կազմակերպել էր «Կայունությունը և անվտանգությունը ԵՄ արևելյան հարևանությունում» խորագրով համաժողով: Որպես բանախոսներ միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոստանտին Ելիսեևը, Ադրբեջանի դեմոկրատական բարեփոխումների կուսակցության նախագահ Ասիմ Մոլազադեն: Ելույթներ են ունեցել նաև ԵՄ խորհրդի, ՆԱՏՕ-ում ԱՄՆ առաքելության և Բրյուսելի ազատ համալսարանի ներկայացուցիչները:
Համաժողովին մասնակցել են ԵՄ կառույցների պաշտոնյաներ, Բրյուսելում հավատարմագրված դիվանագետներ, լրագրողներ, հետազոտողներ, ուսանողներ:
Արման Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի եվրոպական քաղաքականությանը՝ կանգ առնելով Արևելյան գործընկերության ընձեռած հնարավորությունների վրա: Նա ողջունել է ԵՄ խորհրդում Հայաստանի հետ ասոցիացման պայմանագրի շուրջ բանակցությունների մանդատի քննարկման մեկնարկը, ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստակամ է սկսել բանակցությունները նաև ազատ առևտրի և մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման համաձայնագրերի շուրջ:
Պրն. Կիրակոսյանը ներկայացրել է նաեւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:
Նույն օրն Արման Կիրակոսյանը մասնակցել է նաև «Հայաստանի եվրոպական բարեկամներ» հասարակական կազմակերպության կազմակերպած կլոր սեղանին:
ArmAr.am












