Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է
1988թ.-ի դեկտեմբերի 1-ին`աշխարհում առաջին անգամ, այդ օրը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն հռչակեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Նպատակն էր` այս քայլով մարդկության ուշադրությունը սևեռել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրին, դրանով իսկ նպաստել կանխարգելման միջոցառումների իրականացմանը:
Տեղեկացնենք, որ մեր երկրում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքեր արձանագրվեցին դեռ 1988 թվականից:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը տեղեկացնում է, որ 1988թ. մինչև 2009թ. հոկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 796 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 136-ը` 2008թ. ընթացքում:
ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 582 մարդ (73,1%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 214 դեպք (26,9%): ՄԻԱՎ վարակի 16 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ:
Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (49,9%) և թմրամիջոցների ներարկային միջոցով օգտագործումը (41,5%): Սրանցից բացի Հայաստանում արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով բոլոր վարակվածները եղել են այնպիսի տղամարդիկ, որոնց մեծամասնությունը ժամանակավոր բնակվել է այլ երկրներում` մասնավորապես Ռուսաստանում ու Ուկրաինայում: Բացի այդ, բոլոր ՄԻԱՎ վարակով հիվանդ տղամարդկանց մեծամասնությունը (57,3%) նույնպես թմրամիջոցների ներարկային օգտագործող է: Ինչ վերաբերում է կանանց, ապա նրանց 98%-ը վարակվել են սեռական ճանապարհով:
ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 350 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 44%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի և Լոռու մարզերն են՝ 10,2%:
Հանրապետությունում կա 2300 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:
Այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա առիթով, մի շարք ՀԿ-ների նախաձեռնությամբ, կկազմակերպվի խաղաղ երթ Երևանի փողոցներով:
ArmAr.am












