Ի՞նչ հայտարարություն է պատրաստվում Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ
Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am-ը, երեկ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Աթենք էր ժամանել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Հայաստանի արտգործնախարարը նախ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Այնուհետև, կայացել է եռանախագահների կազմակերպած հանդիպումը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի միջև, որն ընթացել է աշխատանքային ճաշի ձևաչափով:
Հանդիպմանը քննարկվել է ԵԱՀԿ արտգործնախարարների 17-րդ խորհրդին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության ընդունման հնարավորությունը:
Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի` Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հետ, որի հետ քննարկել էր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:
ArmAr.am












