Հայաստանի Հանրապետությունն ընդունել է որոշում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին
Այն, ինչի շուրջ այսօր բազում հարցեր են առաջանում, ինչը երկար տարիներ բանակցությունների ու քննարկումների առիթ է դարձել, դեռ քսան տարի առաջ հստակեցվել է մեզ` հայերիս համար: Խոսքս այն մասին է, որ ուղիղ քսան տարի առաջ այս օրը` 1989 թվականի դեկտեմբերի 1-ին, Հայաստանի` դեռևս Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խոհուրդն ընդունել է որոշում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:
Բուռն իրադարձություններով և միտինգներով լի 1989-ի նոյեմբերի և նրան հաջորդած նշանակալի իրադարձության մասին ArmAr.am-ի թղթակցին հիշում է Ղարաբաղյան շարժման ամենաակտիվ մասնակիցներից մեկը` Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը.
«Քչերը կհիշեն, որ 1989-ի նոյեմբերը, որը ուժգին միտինգային ժամանակահատված էր, ավարտվեց մի որոշմամբ, որի ընդունման ուրախությունից ցնծում էին հարյուր հազարավոր հայեր` Ղարաբաղյան շարժման ակտիվիստներ: Չէ՞ որ խորհրդային գործող օրենքների շրջանակներում հայ ժողովուրդը կարողացել էր հասնել իր նպատակին` անգամ Գերագույն խորհրդի որոշ պատգամավորների` վերին աստիճանի հակասական վերաբերմունքի և հակադրվելու պայմաններում:
Դա ևս մեկ անգամ փաստում է այն, որ ժողովուրդը պետք է երկարատև, նպատակասլաց և հետևողական պայքարով իր ձայնը հասցնի իշխանությանը, պարտադրի նրան ընդունել այնպիսի որոշումներ, որոնք համապատասխանում են իր պատկերացումներին:
Դեռևս շարժման սկզբից` 1988-ից, Լեռնային Ղարաբաղի շրջսովետների կողմից ընդունվել էր` Հայկական և Ադրբեջանական խորհրդային սոցիալիստական հանրապետությունների Գերագույն խորհուրդներին դիմելու որոշում: Ադրբեջանին դիմելու էին նրա կազմից դուրս գալու, իսկ Հայաստանին` նրա կազմի մեջ ընդգրկվելու խնդրանքով»:
Այսօր գուցե այս որոշումը զարմանալի թվա, բայց այն ժամանակ այդպես չէր, քանի որ խորհրդային երկիրը տեսել էր 30-ից ավելի նման դեպքեր, երբ ինքնավար մարզը կամ այլ վարչական միավոր, սովետական սահմանադրության համաձայն, կարող էր, այնտեղ ապրող ժողովրդի ցանկության դեպքում, դուրս գալ մի պետության կազմից ու ներառվել մյուսի կազմում (ամենահայտնին Ղրիմի դեպքն է: Իհարկե, ի տարբերություն Ղարաբաղի, այս դեպքում հարց է առաջանում, թե արդյո՞ք, դա ժողովրդի ցանկությունն է եղել: Ամեն դեպքում գործընթացը հետագայում հենց այդ ձևակերպումն էր ստացել և ճանաչվել խորհրդային ժողովրդի կողմից): Այնպես որ Ղարաբաղի որոշումը չպետք է զարմացներ մարդկանց:
Իսկ Ղարաբաղի որոշումը կայացվել էր և’ Լեռնային Ղարաբաղի, և’ Հայաստանի, և’ Ադրբեջանի, և’ ողջ Սովետական Միության սահմանադրական նորմերի շրջանակներում:
Խորհրդային հասարակության մի ստվար զանգված անկեղծ միամտությամբ հավատում էր, որ այդ երկրում ամեն ինչ կանոնակարգված է, և եթե ժողովուրդը ցանկանում է գնալ միավորման ճանապարհով, ապա Խորհրդային Միության գերագույն խորհուրդը ևս պետք է իր համաձայնությունը տա ժողովրդի ցանկությանը: Ցավոք` այդպես չեղավ:
Ավելին` ադրբեջանական իշխանությունը ջարդեր կազմակերպեց Սումգայիթում, Բաքվում… Նույն այդ ժամանակ ողջ հայ ժողովուրդը կարծում էր, թե ինչ-որ բան չի հասկացվել. մարդիկ հավատում էին, որ սովետական միության տարածքում նման բան լինել չէր կարող, և դա, պարզապես, ինչ-որ խմբերի կողմից կազմակերպված չարագործություն էր: Խորհրդային ղեկավարության նկատմամբ անկեղծ հավատով տոգորված` մարդիկ ուղղակի նամակներով հեղեղել էին ղեկավարությանը:
Ի վերջո, տեսնելով, որ Ադրբեջանը չի համաձայնվում, որ Լեռնային Ղարաբաղը դուրս գա իր կազմից, Հայաստանից խմբեր գնացին Արցախ` նրանց հավաստիացնելու, որ Հայաստանը պատրաստ է գնալ անգամ կտրուկ քայլերի: Նրանք վերադարձան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կողմից ուղարկված նամակով, որով Լեռնային Ղարաբաղը դիմում էր Հայաստանի Գերագույն խորհրդին` Ղարաբաղը Հայաստանին միացնելու խնդրանքով»:
Լինելով «Արցախ» հայրենակցական միության պատասխանատու քարտուղարը և այդ իրադարձությունների ակտիվ մասնակիցը, տիկին Ալավերդյանը հիշում է, թե ինչ հանդիսավորությամբ նամակն ընթերցվեց ներկայիս Ազգային Ժողովի շենքի մոտ հավաքված տասնյակ հազարավոր մարդկաց ներկայությամբ: Իսկ քանի որ նամակը չէր եկել գրավոր տեսքով, այլ հրապարակայնորեն հնչեցվել էր, Գերագույն խորհուրդը պարտավորված էր որևէ որոշում ընդունել:
Բայց այդ որոշման ընդունումն էլ հեշտ չի եղել. «Այս իրադարձությունները տեղի ունեցան 1989 թվականի նյեմբերի առաջին օրերին: Դրանից հետո` մինչև դեկտեմբերի մեկի գիշերն ընկած ժամանակահատվածում երկրի ղեկավարությունը և շարժման շատ նորաստեղծ խմբեր դեռ կասկածում էին, թե արդյոք ճիշտ կլինի՞ նման որոշման ընդունումը: Մինչև վերջին գիշերը կասկածներ կային, բայց Գերագույն խորհրդի դիմաց հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին. բոլորս համոզված էինք, որ Հայաստանի Հանրապետւթյունը կընդունի որոշումը և օրենսդրական դաշտում կդրվի «Միացում» շարժման վերջնակետը:
Ի վերջո, դա տեղի ունեցավ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին. այն 1988-ից ի վեր, հանուն Հայաստան-Արցախ վերամիավորման, ժողովրդի անընդմեջ մղած պայքարի արդյունքն էր:
Միավորման գաղափարն այնքան ուժգին էր, որ Գերագույն խորհրդում ՀՀՇ-ն ներկայացնող ընդամենը 4 պատգամավորի առկայությամբ հնարավոր էր դարձել միացման հարցի բարձրացումը: Այսինքն` այն ժամանակ Սովետական Հայաստանի Գերագույն խորհրդի անդամների մի ստվար զանգված, այլևս հանգել էր այն համոզման, որ Հայաստանն ու Արցախը պետք է վերամիավորվեն. ժողովրդական շարժման հզոր ալիքը փոփոխել էր սովետական երկրի գերագույն խորհրդի պատգամավորներից շատերի տրամադրվածությունը: Արդյունքում` ընդունվեց դեկտեմբերի 1-ի որոշումը»:
Իհարկե, որքան դժվար էր որոշման ընդունման պահը, այնքան ավելի դժվար եղավ հետագան. ընդամենը երեք տարի հետո` մեկ ակնթարթում կարող էին ի չիք դառնալ բոլոր ձեռքբերումները:
«Երեք տարի անց արդեն, մեր քաղաքական էլիտայի կողմից` 1989-ի որոշումն այլևս վիճահարույց էր: Եվ այսպես, 1992 թվականի հուլիսին նորանկախ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը փորձեց մեկ այլ որոշմամբ չեղյալ համարել հենց այդ որոշումը, որն հռչակում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը: Իհարկե, «Արցախի հարցերի հատուկ հանձնաժողովի» և որոշ պատգամավորների ջանքերով կարողացանք համոզել, որ այդ կետը չընդգրկվի որոշման մեջ:
Այն հանվեց, բայց հենց նույն փաստաթղթով ամրագրվեց մել այլ կետ, համաձայն որի Հայաստանը` առանց Ղարաբաղի համաձայնության, իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթի տակ, ուր Ղարաբաղն ընկալվում է որպես Ադրբեջանի մարզ:
Հետագայում բոլորն էլ համոզվեցին, որ պատմության կարևորագույն էջերի կոպիտ սղագրումը կարող է հանգեցնել լուրջ սխալների: Առավել ևս, որ այդ պահին կայացված որոշումը համապատասխանում էր ժողովրդի պահանջներին և ներպետական ու միջազգային իրավունքի նորմերին»:
Ինչևէ, դեկտեմբերի մեկի որոշումը հայ ժողովրդի երկար տարիներ փայփայած երազանքի իրականացումն էր, որը Հայաստանի համար ունեցավ քաղաքական նշանակություն:
Տիկին Ալավերդյանը վստահ է, որ այդ որոշմամբ Հայաստանը ցույց տվեց, որ չնայած ստալինյան ռեժիմից ու բրեժնևյան լճացման տարիներից հետո առաջացած, մի տեսակ, հասարակական քնած վիճակին, մեր ժողովուրդը և քաղաքական գործիչները պատրաստ էին հանուն արդարության գնալ կտրուկ քայլերի. «Նման քայլերով և ժողովրդի պահանջներին արձագանքելով է ձևավորվում քաղաքական էլիտան: Մեր նորագույն պատմության մեջ մենք այդ քայլը կատարեցինք 1989 թվականի դեկտեմբերի մեկին:
Այդ որոշման`մինչ օրս ուժի մեջ մնալն ապացուցում է այն, որ և’ 89-ին, և’ հիմա այն համապատասխանում է միջազգային իրավունքի սկզբունքներին (հատկապես այն սկզբունքին, որն ամրագրում է նույն ժողովրդի երկու մասերի միավորման իրավունքը), և իհարկե համապաստասխանում է ժողովրդի պահանջներին»:
Անի Աբովյան












