Սուրբ Գևորգ եկեղեցու վերանորոգման հարցում դեռ լռություն է
ArmAr.am-ը բազմիցս ներկայացրել է Վրաստանի իշխանությունների կողմից իրականացվող հակահայ քաղաքականության դրսևորումները: Նման դրսևորումներից մեկի հետևանքն էլ հենց դարձավ նույն այդ իշխանությունների կողմից դիտավորյալ անուշադրության մատնված 2009 թվականի նոյեմբերի 19-ի լուսաբացին Թբիլիսիում 1356 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզումը:
Հայկական կողմը` «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի գլխավորությամբ ու առաջնորդությամբ, բողոքի երթ կազմակերպեց դեպի Վրաստանի դեսպանատուն, որի ընթացքում նամակ հղվեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոլ Տաբատաձեին` պահանջելով վրաց իշխանություններից ու վրաց եկեղեցուց` Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու Վիրահայոց թեմին տալ իրավաբանական կարգավիճակ, վերադարձնել հայ եկեղեցիները և հարգել ու պահպանել հայ ժողովրդի մշակութային արժեքները: Նման պահանջով նամակ հղվեց նաև ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ, որտեղից, ի դեպ, դեռ չեն ստացվել դեռևս անցյալ տարի հղված նամակների պատասխանները:
Այս անգամ երթի կազմակերպիչները պահանջեցին նաև այդ նամակի պատասխանը:
Հայկական կողմից բարձրացված աղմուկը վրացական կողմին ստիպեց խոստանալ, որ եկեղեցին մոտ ժամանակներս կվերականգնվի:
Խոստացված «վերականգնման» աշխատանքներն արդեն սկսված են:
Վրաց իշխանությունները, փաստորեն, իրենց խոստումը «կատարում են», մեր եկեղեցին այլևս «անուշադրության մատնված չէ». տեղում կատարված լուսանկարները դրա վառ ապացույցն են:
Հայաստանից Վրաստան է մեկնել համապատասխան մասնագետ, որի մասնակցությամբ պետք է իրականացվեն նախագծման աշխատանքները, որպեսզի վերականգնման ընթացքում եկեղեցու արտաքին տեսքը չաղավաղվի ու այն վերականգնվի հարկ եղածին պես` պահպանելով իր նախկին ոգին ու շունչը:
Սակայն, ինչպես տեղեկացնում է «Ազգ»oրաթերթը, իրականությունը, բոլորովին, այլ է. եկեղեցում աշխատող բանվորները որպես աղբ` եկեղեցուց ուղղակի հեռացնում են հայկական մասունքները, քանդում են սյուները` պատճառաբանելով, թե դրանք խարխուլ վիճակում թողնելը վտանգավոր է: Լրագրողի այն հարցին, թե, ինչու են նման տարերային կերպով քանդում, արդյոք ինչպես է հնարավոր դրանից հետո այն վերականգնել, բանվորները պատասխանել են, թե վերականգնման մասին իրենց ոչ ոք ոչինչ չի ասել:
Ստացվում է, որ ՀՀ մշակույթի նախարարության ու Վրաստանի իշխանությունների միջև` հաջորդ տարի եկեղեցին համատեղ ուժերով վերականգնելու մասին ձեռք բերված համաձայնությունն ընդամենը փափուկ բարձ է, որ վրացական իշխանությունների կողմից դրվեց մերոնց գլխի տակ:
Մայր Աթոռի սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը հույս հայտնեց, որ Վրաստանն իր խոստմանը հավատարիմ կմնա, և կվերականգնի հայոց եկեղեցին: Մեզ, իհարկե, խիստ զարմացրեց մեր եկեղեցու այսչափ լավատեսությունը, և ոչ միայն: Զարմացրաց նաև այն, որ մեզ առաջարկվեց խնդրի հետ կապված մեր հարցերն ուղղել Վիրահայոց թեմի ներկայացուցիչներին, այն մեկնաբանությամբ, թե Էջմիածինը նման հարցերին չի կարող պատասխանել: Նման պատասխանը բացատրվեց «երկու երկրների միջև սկսված գորընթացներով»: Իսկ թե այդ ինչ գործընթացների մասին է խոսքը, պատասխան չստացանք:
Բայց եթե իրավաբանական կարգավիճակ ու իրավասություններ ունեցող Էջմիածինը Վրաստանի կողմից նման խայտառակ խաբեության դեմն առնելու համար իրեն պատասխանատու չի համարում, էլ ի՞նչ կարող է անել իրավաբանական կարգավիճակ չունեցող եկեղեցին, որ Վրաստանի տարածքում գտնվող մեր 21 եկեղեցիներով զբաղվելու իրավունք անգամ չունի, քանի որ Վրաստանի իշխանությունները ապօրինաբար զրկել են` հայկական եկեղեցիները հայկական եկեղեցուն պատկանելու իրավունքից:
Կարելի՞ է, արդյոք, այդչափ զիջող ու ներող լինել Վրաստանի պես մի երկրի նկատմամբ, ուր հայկական մշակույթը վրացու կոկորդում կանգնած ոսկոր է դարձել:
Հայոց եկեղեցու վերականգնման ուղղությամբ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել ենք նաև Վրաստանի դեսպանատուն, սակայն մինչ այս պահը դեռ երևէ պատասխան չենք ստացել:
ArmAr.am-ը շարունակում է հետևել խնդրի ընթացքին:
ArmAr.am












