Մշակույթի նախարարության պատասխանը` ArmAr.am-ի մտահոգություններին
ArmAr.am-ի հնչեցրած` Վրաստանում փլուզված հայկական Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքի հետ կապված մտահոգություններին` Մշակույթի նախարարության արձագանքը չուշացավ:
ArmAr.am-ի խմբագրություն զանգահարեց նախարարի մամուլի քարտուղար Մարգարիտ Գրիգորյանն ու տեղեկացրեց, որ առաջին անգամ Հայաստանի ու Վրաստանի մշակույթի նախարարությունների միջև համաձայնեցված գործունեություն է իրականացվում, և եկեղեցին իսկապես կվերանորոգվի:
Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, թե եկեղեցում աշխատող բանվորները քանդում են սյուներն ու ավերում ամեն ինչ, տիկին Գրիգորյանը մեկնաբանեց, որ տեղի է ունենում փլատակների մաքրում ու հրատապ ամրակայման աշխատանքներ, իսկ եկեղեցուց ճարտարապետական բեկորները դուրս են բերվում ոչ թե դրանք ոչնչացնելու,այլ չափագրելու նպատակով:
Մամուլի քարտուղարի տեղեկացմամբ, առաջիկա 15-20 օրվա ընթացքում, Վրաստանի կողմից կներկայացվեն նախագծային աշխատանքներ, որոնք Հայստանում քննարկվելուց հետո միայն կյանքի կկոչվեն գարնանը` մարտ, ապրիլ ամիսներին, երբ եղանակներն ավելի բարենպաստ կլինեն:
Սպասենք գարնան գալստյանը, իսկ կսպասի՞, արդյոք, եկեղեցին…
ArmAr.am
Թեգեր` Մշակույթի նախարարություն, Սուրբ Գևորգ եկեղեցի, Վրաստան, փլատակների մաքրում












