Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Թուրքիան նոր ճակատով է պայքարում Հայոց Ցեղասպանության ճանաչման դեմ

Դեկտեմբեր 1, 2009թ. 17:50

hayk demoyanԹուրքիայի կառավարությունն առաջիկայում պատրաստվում է հաստատել մի որոշում, ըստ որի, նախատեսվում է ստեղծել արտասահմանում ապրող թուրքերի կամ թուրքական սփյուռքի գործակալություն և նրանց հարազատների ասոցիացիա։

Նպատակն այն է, որ սրանց «ջանքերի» շնորհիվ արտասահմանում հակադարձ գործողություններ կատարվեն՝ հայկական սփյուռքի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջի դեմ։ Որոշման նախագծի համաձայն, սա ոչ ստանդարտ մի կառույց է լինելու, որի «մասնագետներն» աշխատելու են աշխարհի տարբեր երկրներում…

Նախ փորձենք պարզել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «թուրքական սփյուռք» ասվածը։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ սրանք միգրանտներ են, որոնց երրորդ սերունդն է, որ արտերկրում է հաստատված։ «Նրանց կողմից այժմ խիստ ակտիվություն է նկատվում, հատկապես, մերձավորարևելյան տարածաշրջանում։ Տեղեկությունների համաձայն՝ սրանք փորձում են դեսպանատներում հայկական ծագման կամ հայերենին տիրապետող դիվանագետներ ունենալ՝ տեղերում հայկական սփյուռքի գործունեությունը ուսումնասիրելու նպատակով։ Հետաքրքիր է այն, որ հատկապես արտասահմանում թուրք գիտնականներ են պատրաստվում, որոնք պետք է զբաղվեն ոչ թե ցեղասպանության ժխտմամբ, այլ պետք է ուսումնասիրեն Սփյուռքի ֆենոմենը»,- ասաց Հ. Դեմոյանը։

Ինչ վերաբերում է արտասահմանում ապրող թուրքերի գործակալության ստեղծմանը, պարոն Դեմոյանը նշեց, որ սա նոր երևույթ չէ, որ դեռևս 2001թ. Թուրքիայի վարչապետին կից գործում էր հատուկ կառույց, որը կոչվում էր «Ցեղասպանության պնդումների դեմ պայքարի կենտրոն»։ «Այս տարի արդեն նրանց մի քանի, բավական, գործունյա և արհեստավարժ ոստիկանական պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից, որպեսզի տեղերում, այսինքն՝ արտասահմանում, համակարգողի դերակատարություն ունենան, և այդ գործառությունները վերցնեն իրենց վրա։ Սա նշանակում է, որ այդ գործակալության հետ կապված աշխատանքները Թուրքիան արդեն իսկ փորձել է տեղափոխել արտասահման։ Ուստի, որոշման այդ նախագիծը լիովին տեղավորվում է թուրքական այդ ծրագրի շրջանակներում,  այսինքն՝ համակարգում, վերախմբավորում է կատարում։ Կարծում եմ, որ այդ գործակալության ստեղծումը նշանակում է նաև ադրբեջանական, այսպես կոչված, «սփյուռքի» կառույցների հետ սերտ համագործակցության ստեղծում»,- պարզաբանեց Հայկ Դեմոյանը։

Բայց այս ամենից կարելի է հանգել այն հետևության, որ թուրքական կողմն առավել ակտիվորեն է շարունակում  հայկական սփյուռքին հակազդելու և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ ուղղված աշխատանքները։ Ինչպես նկատեց պրն Դեմոյանը. «Սա նշանակում է, որ մեր կողմից իրականացվող աշխատանքները պետք է շարունակվեն նոր ուղղություններով և առավել ակտիվ։ Վերջին մի քանի դրվագները՝ զեկույցը Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում թուրք աշակերտին` Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար դպրոցից հեռացնելու և ներողություն խնդրելու պահանջները, չի կարելի մեծ իրադարձություն համարել, բայց որպես երևույթ դրանք ինքնին արդեն խոսուն են։ Սրանք բացառիկ և նոր երևույթներ են, ինչը, բնականաբար չի կարող չանհանգստացնել թուրքական կողմին»,- ասաց Հայկ Դեմոյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն