Ադրբեջանի ԵԽ անդամակցությունը հարցականի տակ է
Եթե Ադրբեջանի վրա հնարավոր չէ ազդել ԵԽ-ի առջև ստանձնած պարտավորությունների ձևով, ապա Ադրբեջանի` մի շարք կազմակերպություններին անդամ լինելու հարցը կդառնա օրակարգային: Այս մասին «Свобода» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԵԽ-ի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդը:
Նա նշել է, որ ԵԽ-ում շատ են մտահոգված Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ընդհանուր վիճակով, և միակ բանը, որ այսօր կարող է անել կազմակերպությունը` նրա պարտավորությունների մասին պարբերաբար հիշեցնելն է:
Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն քննադատությանը, թե ԵԽ-ը անատամ կազմակերպություն է և գործարքների է գնում իրեն անդամակցող պետությունների հետ, ինչպես մնացած կառույցները, Յագլանդը ասել է.
«ԵԽ-ը հնարավորություն և գործիքներ չունի իրավիճակը կտրուկ փոխելու համար: Սակայն մենք հավատում ենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի ներկայությանը ԵԽ-ում կարևոր ազդեցություն կունենա»:
ԵԽ-ի գլխավոր քարտուղարի խոսքերով, եթե դա էլ չօգնի Ադրբեջանին, ապա Ադրբեջանի անդամակցության հարցը նորից կդառնա օրակարգային հարց: «Մեր անդամները կարող են լինել միայն այն երկրները, որոնք համապատասխանում են մեր չափանիշներին և կիսում են կազմակերպության արժեքները»,- նշել է Յագլանդը:
Անդրադառնալով ազատազրկված բլոգերների հարցին` Յագլանդը հաղորդել է, որ Բաքվի հասցեին կատարած իր կտրուկ քննադատությունների պատասխանը դեռևս չի ստացել:
«Առայժմ մենք չենք ստացել պատասխանը: Ես ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դեսպանին տեղեկացրել եմ իմ կողմից արված հայտարարությունների մասին և խնդրել եմ, որպեսզի նա իմ ուղերձը փոխանցի իր երկրի իշխանություններին»,- ասել է նա:
Ընդ որում նա ավելացրել է, որ ԵԽ-ն ունի բոլոր հիմքերը կարծելու, որ ադրբեջանական իշխանությունները կլսեն իրենց: «Երկիրը Եվրոպական Խորհրդի անդամ է հանդիսանում և նրանք պետք է լրջորեն ընդունեն այն, ինչը մենք կփոխանցենք»,- նշել է Յագլանդը:
ԵԽ-ի չափանիշները փոխել չենք պատրաստվում, «դրանք առանց այդ էլ բարձր մակարդակի վրա են»: Խնդիրը նրանում է, որպեսզի համոզենք անդամ-երկրներին` համապատասխանելու չափանիշներին:
Մեզ հայտնի է, որ մի շարք պետություններ այս ոլորտներում խնդիրներ ունեն: Ադրբեջանի նման երկրների ներկայությունը ԵԽ-ում թույլ է տալիս կազմակերպությանը ազդեցություն ունենալ երկրի ներքին իրավիճակի վրա և դրանց ուղղորդել ճիշտ ուղղով:












