ԼՂՀ նախագահ.«Պետք է պատրաստ լինել նոր մարտահրավերների, ուստի և` ունենալ իրատեսական բյուջե»
Երեկ ԼՂՀ կառավարության նիստում գործադիրի քննարկման էր ներկայացվել «ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: Նիստը վարում էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս.Թևոսյանը, նախ որոշ տվյալներ հրապարակեց եզրափակվող 2009թ. ֆինանսատնտեսական իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքերով, չնայած համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր բացասական ազդեցությունն է թողել նաև ԼՂՀ տնտեսության վրա, սակայն կկատարվեն 2009թ. համար նախատեսված սոցիալ-տնտեսական ծրագրերը, կապահովվեն պետբյուջեով ամրագրված բոլոր մուտքերը: Փոխվարչապետի խոսքով` 2010-ը հանրապետության համար ծանր տարի կլինի, ուստի պետությունն իր վրա է վերցրել ճգնաժամի հետևանքները հաղթահարելու պատասխանատվությունը: Կառավարությունը գալիք տարում ևս կպահպանի սոցիալական ծրագրերի առաջնահերթությունը, որոնց կատարմանն էլ կուղղվի 2010թ. պետբյուջեի 60%-ը:
Գործադիրի հավանությանն արժանացած օրինագծով` 2010 թվականին եկամուտներն ընդհանուր առմամբ կկազմեն 55 մլրդ 810,4 մլն դրամ` ներառյալ ՀՀ-ից ստացվող միջպետական վարկը: Ծախսերի գծով գումարը կկազմի 59 մլրդ 804,7 մլն դրամ, պակասորդը` 3 մլրդ 994,3 մլն դրամ: Պակասորդը կլրացվի ներքին և արտաքին աղբյուրների հաշվին: Պակասուրդի և 2010 թ. ծրագրվող ՀՆԱ-ի տոկոսային հարաբերությունը կանխատեսվում է 3,5%` 2009թ. 4,5%-ի դիմաց:
Ակնկալվում է, որ 2010թ. բյուջետային եկամուտները կկազմեն կանխատեսվող ՀՆԱ-ի 19,1 տոկոսը` 2009թ. սպասվող 20,5%-ի և 2008թ. փաստացի 21,2%-ի դիմաց: Գալիք տարվա պետբյուջեի մուտքերի կազմում մեծ տեսակարար կշիռ կունենան հարկերն ու պետական տուրքերը` 65,8%: Մնացյալը կապահովվի պարտադիր սոցիալական վճարների, պաշտոնական դրամաշնորհների և այլ աղբյուրների հաշվին:
Կառավարության նիստում պետբյուջեի և օրախնդիր մի շարք հարցերի վերաբերյալ իր նկատառումները հայտնեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նա գոհունակությամբ նշեց, որ գործադիրի վարած տնտեսական քաղաքականության շնորհիվ մասամբ չեզոքացվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը և արդյունքում` այս տարի ապահովվում է ավելի քան 13% տնտեսական աճ: Այդ հարցում, նախագահի խոսքով` կարևոր դեր խաղաց նաև հանրապետության բնակչության խոհեմ պահվածքը, որը խուճապի չմատնվեց և հավելյալ լարվածություն չհաղորդեց առաջացած բարդ իրավիճակին: Նախագահը շեշտել է, որ պետք է պատրաստ լինել նոր մարտահրավերների, ուստի և` ունենալ իրատեսական բյուջե: Այն, Բակո Սահակյանի խոսքով` պետք է իրացվի երկու կարևոր սկզբունքով. նախ` որ միջոցները ծախսվեն առավելագույն արդյունավետությամբ, երկրորդ, որ ծախսերի որոշ կրճատումները չխոչընդոտեն տնտեսության զարգացմանը:
Նախագահը գործադիրին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել սոցիալական անապահով խմբերին, հատկապես` Արցախյան ազատամարտում զոհվածների ընտանիքներին ու հաշմանդամներին, բացառել սպառողական գների արտառոց աճը, դրսևորել ֆինանսական բարձր կարգապահություն:
Երկրի ղեկավարն իր դժգոհությունը հայտնեց, մասնավորապես, կրթության և առողջապահության ոլորտներում առկա ստվերային երևույթների կապակցությամբ, և իրավասու մարմիններին հանձնարարեց վճռական քայլեր կատարել այդ բնագավառներում իրավիճակն էապես բարելավելու ուղղությամբ: Բ.Սահակյանը հատուկ կարևորություն տվեց պետական համակարգի կառավարման օպտիմալացման խնդրին: Նա անթույլատրելի է համարել, որ ավելացել է պետական պաշտոնյաների թիվը, ստեղծվել են նոր ՊՈԱԿ-ներ` կասկածելի նպատակահարմարությամբ: Նախագահը կառավարությանը հանձնարարեց վերանայել կառավարման համակարգը` կատարելով անհրաժեշտ փոփոխություններ:
Պետբյուջեի օրինագծի և իրենց ղեկավարմանը հանձնված բնագավառներում իրականացվող աշխատանքների մասին նկատառումներ հայտնեցին և համապատասխան տեղեկատվությամբ հանդես եկան տնտեսական զարգացման նախարար Բ.Բաբայանը, կրթության և գիտության նախարար Վ.Խաչատրյանը, սոցիալական ապահովության նախարար Ն.Ասծատրյանը, կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Ա.Խաչատրյանը, արտադրական ենթակառուցվածքների վարչության պետ Կ.Պետրոսյանը, ջրային տնտեսության վարչության պետ Ս.Միքայելյանը:
Ամփոփելով պետբյուջեի օրինագծի քննարկումները` նախագահ Բ.Սահակյանը վստահություն է հայտնել, որ սոցիալական շեշտված ուղղվածությամբ այդ փաստաթղթի նախանշումներն իրականացնելով` կբարելավվի մարդկանց կյանքի որակը: Միաժամանակ, նա ընդգծել, որ դեռևս լուրջ բացթողումներ կան աշխատանքի արդյունավետ կարգավորման հարցում` մի շարք իրավասու պաշտոնյաների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով: Նախագահը հանձնարարեց ձեռնարկել համարժեք միջոցներ պետական համակարգի գործունեության ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Առանձին հանձնարարականներ տրվեցին հողատարածքների նպատակային օգտագործման, պետական գույքի գրանցման աշխատանքներն ավարտելու, մասնավոր բուհերում առկա հիմնահարցերը հանգուցալուծելու վերաբերյալ:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ
ArmAr.am












