Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն

Հրեա խմբագիրն ու թուրք մեկնաբանը բողոքում են ընդդեմ Ցեղասպանության ժխտման

Դեկտեմբեր 2, 2009թ. 13:38

Հասկանալի է, որ հայերը շատ են վշտանում, երբ բախվում են Հայոց Ցեղասպանության իրողությունը խեղաթյուրող կամ ժխտող հայտարարությունների, իսկ սփոփված են զգում այն ժամանակ, երբ այն պատշաճորեն ճանաչված է: Սակայն, եթե նրանք ժխտողներին արագորեն դատապարտում են, ապա հաճախ ժամանակ չեն գտնում ճշմարտությունն ասողներին ըստ արժանվույն գնահատելու համար:

Այս մտքերը ծագեցին գլխումսª Հայոց Ցեղասպանության մասին երկու արդարացի և համարձակ հոդվածներ ընթերցելիս, որոնցից մեկը  գրված էր Դենվերի /Կոլորադո/  «Intermountain Jewish News»-ի խմբագիր Առաքինի հրեայի, իսկ մյուսըª «Hurriyet Daily News»-ի մեկնաբան, Առաքինի թուրք Բուրաք Բեքդիլի կողմից:

Վերնագրից սկսած «Intermountain Jewish News»-ի խմբագիրը բառեր չի խնայել. «Հայոց Ցեղասպանության մասին բոլոր կեղծիքները չեն օգնում»: Նա, այնուհետև շարունակում է ճակատային հարվածներ տեղալ հրեական կազմակերպությունների և Իսրայելի ղեկավարների վրա, ովքեր ամբարո խաղեր են խաղում Հայոց Ցեղասպանության հետ` սոսկ Թուրքիայի կառավարությանը հաճոյանալու համար: Ստորև ներկայացնում եմ մի քանի մեջբերումներ այդ ազդեցիկ խմբագրականից.

«Մենք կարող ենք օգտագործել «դիվանագիտություն», «քաղաքականություն», «անգիտություն», «անաչառություն» կամ «արդարություն» բառերը: Սակայն, իրականում գոյություն ունի միայն մեկ բառ` կեղծիք: Տարիներ շարունակ, որոշ հրեական ազգային կազմակերպություններ ստել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանության մասին: Նրանք ասել են, որ այն տեղի չի ունեցել կամ էլ «պատմական վիճաբանության» հարց է:

«…Հիմք ընդունելով, որ Իսրայելն ստիպված է լավ հարաբերություններ պահպանել Թուրքիայի հետ, այս հրեական կազմակերպությունները, չխոսելով անմիջականորեն Իսրայելի մասին, ընդունել են Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ժխտումը կամ ասել, որ այն  «վիճելի է»: Մեզ ասել են, որ Թուրքիայի հետ լավ հարաբերությունները կարող են ձեռք բերվել միայն Հայոց Ցեղասպանության մասին Թուրքիայի կեղծիքն ընդունելով: Դա խայտառակություն էր:

«…Հայոց Ցեղասպանության մասին կեղծիքը չպետք է իսրայելցիների արժույթի կամ Թուրքիայի հետ Ամերիկայի հրեաների դիվանագիտության մաս կազմի: Իսրայելն ու հրեական ազգային այս կազմակերպությունները պետք է տեսնեն, որ անգամ գործնականում կեղծիքը չի օգնել: Իսկ բարոյապե՞ս: Այնտեղ, ուր խոսք է գնում ցեղասպանության մասին` դիվանագիտությունն ու քաղաքականությունը տեղ չունեն: Չի կարող լինել ժխտված, անտեսված կամ ստորադասված ցեղասպանություն: Իսրայելը և հրեական ազգային կազմակերպությունները ժխտում են այդ սկզբունքը, և այդ ժխտողականությունն այժմ ետ գալով նրանց է հարվածելու:

«…Ցեղասպանության վերաբերյալ ապագա սերունդները չափազանց անողոք են: Այսօր, անգամ Թուրքիայում աճել է այն գիտնականների թիվը, ովքեր ճանաչում են Հայոց Ցեղասպանությունը: Հայոց Ցեղասպանությունը ժխտող տարբեր հակընդդեմ հայցերը, երբեք այսքան տարօրինակ չեն թվացել: Կարո՞ղ եք պատկերացնել որևէ մեկին, ով վստահաբար հայտարարի, որ 1943 թվականի Վարշավայի գետտոյի խռովությունը ցույց է տալիս, որ Հոլոքոստն ընդամենը «քաղաքացիական պատերազմ» էր հրեաների և գերմանացիների միջև: Ահա թե ինչպիսի անհեթեթություն է Հայոց Ցեղասպանությունը որպես «քաղաքացիական պատերազմ» բնորոշմամբ թուրքական հետապնդումները: Կրկնում եմ, ցեղասպանության ժխտողների հանդեպ ապագա սերունդները շատ անողոք են:

«…Երբ չար մարդիկ կոտորում են մի ամբողջ ժողովրդի, բարի մարդիկ պետք է արձագանքեն, ինչպես և այսօր պետք է արձագանքել Դարֆուրում: Երբ ժամանակն անցնում է, և ետ ես նայում մարդասպաններին, ովքեր մի ամբողջ ժողովուրդ են կոտորել,  ապա չպետք է երբեք թույլ տալ, որ այդ արտառոց չարիքը դիվանագիտական կամ քաղաքական նկատառումների պատճառով ժխտվի կամ նսեմացվի: Դա անարդար է: Եվ այն չի գործի»:

Թուրք առաջադեմ մեկնաբան Բուրաք Բեքդիլի հոդվածը ևս շատ ազդեցիկ է: Մի քանի տարի առաջ նա 20-ամսյա ժամկետով պայմանականորեն դատապարտման էր ենթարկվել թուրքական դատարաններին քննադատելու համար: Այժմ, կրկին Բեքդիլը բանտում հայտնվելու սպառնալիքի տակ է, քանի որ ըստ թուրքական Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի, Հայոց Ցեղասպանության հիշատակումը դիտվում է որպես հանցագործություն:

Պարոն Բեքդիլն իր մեկնաբանություններում թուրքական կառավարությանը խիզախորեն առաջարկում է կազմել Թուրքիայի անցյալի բոլոր հանցագործությունների ցուցակը, խորհրդարանում իշխող կուսակցության (AKP) կողմից որոշում ընդունել և ներողություն խնդրել բոլոր զոհերից: Նա Թուրքիայի անցյալի թուրքական հանցագործությունների թվում հատուկ նշում է «Հայոց Ցեղասպանությունը»: Ահա մի մեջբերում Բեքդիլի համարձակ հոդվածից.

«Եկեք, նախևառաջ կազմենք Թուրքիայի անցյալ դարի վայրագությունների ցուցակը: Անշուշտ Դերսիմն այդ ցուցակում է: Սակայն, սկզբում կառաջարկեմ նաև Հայոց Ցեղասպանությունը, Անկախության պատերազմի ժամանակ հույների դեմ ռազմական հանցագործությունները, Հանրապետության ավելի վաղ շրջանում հույների, հայերի և հրեաների ջարդերն և այլ բռնություններ, 40 հազար քրդերի մահվան դեպքերը (որոնց մասին մի անգամ այսպես արտահայտվել է միակ թուրք Նոբելյան մրցանակակիրը) և քրդերի հանդեպ 1984-2002 թթ. այլ դաժանություններ: Իհարկե, այս աղետալի իրադարձությունները կարելի է անվերջ շարունակել, և այս ուղղությամբ ցանկացած այլ գաղափար չափազանց ողջունելի է … Ես կոչ կանեի մեր AKP կողմնակից լիբերալներին` 20-րդ դարի թուրքական վայրագությունների ամբողջական ցուցակը ճանաչելու վերաբերյալ նախագծի տեքստ մշակել` պաշտոնական ներողություն ավելացնելով զոհերից և նրանց հարազատներից»:

Հայկական կազմակերպությունները պետք է հարգանքի տուրք մատուցեն այս երկու առաքինի անձանց` Հայոց Ցեղասպանության վերաբերյալ իրենց սեփական ղեկավարների կեղծիքը մերկացնելու և դատապարտելու խիզախության համար:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմ. Ռ.Ավագյան

Հատուկ ArmAr.am-ի համար


Դիտել Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն