Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Տիգրան Սարգսյանն այցելել է Կարմիր բլուր պատմական հնավայր

Դեկտեմբեր 2, 2009թ. 16:34

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կարմիր բլուր պատմական հնավայր` անձամբ ծանոթանալու հնավայրի պահպանման խնդիրներին: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեռ տարեսկզբին կառավարության վերահսկողական ծառայությունը ուսումնասիրել է Կարմիր բլուրի տարածքն ու արձանագրել, որ   մի կողմից  շուրջ  40  հեկտար  հնավայրի մի մասը ծածկվել է շինարարական աղբով,  մյուս կողմից էլ հարակից գերեզմանատունը զավթել է մոտ 1.5  հեկտար տարածք:

«Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը, վարչապետին ներկայացրել է հնավայրի խնդիրները, եւ հիշեցրել, որ պատմական այս վայրն այսօր  խիստ հետաքրքրական է հատկապես  գիտական ուսումնասիրությունների համար, քանի որ,  մ.թ.ա.  6-րդ դարում կառուցված Թեյշեբայնի ամրոցը  անաղարտ պահպանված է: Ստեղծված իրավիճակի պատճառով, Կարմիր բլուրում պեղումներն այսօր դադարեցված են:

Ինչ ապագա կարող է ունենալ պատմական այս հնավայրը, և որոնք պետք է լինեն այն «վերակենդանացնելու» ու պահպանելու առաջին քայլերը. այս հարցերը պարզելու համար, վարչապետն առաջին խորհրդակցությունն անցկացրել է հենց բլուրի տարածքում` մշակույթի նախարարի, Երևանի քաղաքապետի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ գերեզմանի եւ բլուրի սահմանազատման խնդիրը կարգավորվել է:

Տիգրան Սարգսյանն աշխատանքային այցի ավարտին  լրագրողներին տեղեկացրել է, որ այս փուլում կառավարության համար առաջնահերթ է  հնավայրի պահպանության կազմակերպումը. «Մոտակա ամիսներին կմշակվի ռազմավարական ծրագիր, որով  երեքհազարամյա պատմություն ունեցող մշակութային արժեքը նախ կպահպանենք, իսկ ավելի ուշ` կփորձենք  գրավիչ դարձնել տուրիստների համար»: Վարչապետը հավելել է նաև, որ Ասիական Բանկի հետ պայմանավորվածության համաձայն, Կարմիր Բլուրի սահմանով ճանապարհ է կառուցվելու, ինչը նույնպես նպաստելու է, որ տարածքը գտնվի ուշադրության կենտրոնում:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն