Գլխավոր » Լրահոս

Սկսվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն

Դեկտեմբեր 2, 2009թ. 17:50

Դեկտեմբերի 2-ին սկսվեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Կորեայի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Արմեն Աբրահամյանը (ԲՀԿ), Արա Նռանյանը (ՀՅԴ):

Սեուլում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Կորեայի Հանրապետության վարչապետ Չունգ Ուն Չանի հետ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` պարոն Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ասիական տարածաշրջանի առաջատար երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը` այս համատեքստում անհրաժեշտ համարելով Կորեայի Հանրապետության հետ   փոխգործակցության ընդլայնումը: ԱԺ նախագահը կարծիք հայտնեց, որ  երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած է փոխադարձ համակրանքը, որը պայմանավորված է նաև  երկու ժողովուրդների անցած պատմական դժվար ուղու և ներկա մարտահրավերների նմանությամբ:

Երկկողմ միջպետական գործակցության հետագա ընդլայնման և խորացման առումով` ԱԺ նախագահը կարևոր համարեց երկու երկրների խորհրդարանների միջև կապերի  ակտիվացումը եւ համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Կորեայի միջև հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման համար առկա է մեծ ներուժ: Նա ընդգծեց առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային, գյուղատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը: Պարոն Աբրահամյանը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է որոշակի առաջխաղացում, սակայն Հայաստանի և Կորեայի միջև ապրանքաշրջանառության գերակշռող մասը իրականացվում է երրորդ երկրների միջոցով:  Այս համատեքստում նա կարեւոր համարեց երկու երկրների գործարարների անմիջական շփումները: Երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման առումով ԱԺ նախագահը կարեւորեց մշակութային համատեղ ծրագրերի, մշակութային օրերի կազմակերպումը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցում և, հաշվի առնելով այս ոլորտում Կորեայի ձեռքբերումները, առաջարկեց  համագործակցություն ծավալել այս ուղղությամբ եւս. մասնավորապես մասնագետների վերապատրաստում, համատեղ ծրագրերի իրականացում: Փոխգործակցության հաջողված օրինակ է Հարավային Կորեայի ամենախոշոր մասնավոր ընկերություններից մեկը հանդիսացող ՙGS Group՚ ընկերության հետ  համագործակցությունը:

Կորեայի Հանրապետության վարչապետ Չունգ Ուն Չանը, ողջունելով  հյուրերին, նշեց, որ 1992 թ. ի վեր, երբ Հայաստանի Հանրապետության եւ Կորեայի Հանրապետության միջեւ հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջին բարձրաստիճան հայ պաշտոնյան է, ով պաշտոնական այցով ժամանել է  Կորեա:  Կարեւորելով երկու երկրների միջեւ փոխգործակցության զարգացումը տարբեր ուղղություններով` ԿՀ վարչապետը առաջնահերթ համարեց զարգացնել համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության ոլորտներում:  ՙԵւ Հայաստանը եւ Կորեան,  չունենալով հարուստ բնական պաշարներ, տնտեսության եւ այլ ոլորտներում ունեցել են  ձեռքբերումներ շնորհիվ մտավոր մեծ ներուժի՚,-նշեց Չունգ Ուն Չանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ես:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց ՙSamsung Electronics՚  ընկերություն, որտեղ  գլխավոր տնօրենը Հայաստանի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրեց  ընկերության  գործունեության ուղղությունները, վերջին ձեռքբերումները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն