«Այն ուժերը, որոնք շահագրգռված են սահմանի բացման խնդրում, արագացնում են ղարաբաղյան խնդրի լուծումը»
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունները կվավերացվեն, քանի որ դրանք բխում են Թուրքիայի շահերից. «Նրանք հաստատակամ են իրենց նախապայմաններում, որի շուրջ էլ մենք արտահայտում ենք մեր ամբողջ դժգոհությունը։ Այսօր որպես նախապայման Թուրքիան արձանագրությունների վավերացման խնդիրն ուղղակիորեն կապում է ղարբաղյան խնդրի լուծման հետ. ի՞նչ սկզբունքների հիման վրա և ո՞ւմ օգտին, հասկանալի է։ Բոլորիս համար ակնհայտ է, թե ինչպե՞ս է արագացվում Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Այն ուժերը, որոնք շահագրգռված են սահմանի բացման խնդրում, որպես տրամաբանություն և արդյունք, տեսնում են ղարաբաղյան խնդրի լուծումը։ Քանի որ հասկանում են, որ այլ պարագայում՝ այդ խնդիրը կմնա որպես փակուղի։ Ցավալիորեն պետք է ասեմ, որ սահմանի բացումն այս դեպքում` Թուրքիայի կողմից, փաստորեն, դառնում է ճնշամիջոց և շանտաժ»,- նկատեց Ա. Շահբազյանը։
Նշվեց նաև նկատեց, որ հայ-թուրքական սահմանը Թուրքիայի կողմից փակվել է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի արդար պահանջի ժամանակաշրջանում։ «Այն փակվել է ի պաշտպանություն Ադրբեջանի և այս ամբողջ ընթացքում շրջափակման մեջ է պահվել Հայաստանը։ Եվ այժմ, երբ ստորագրվել են պայմանագրերը, թուրքերն այդ շրջափակումը չեն ուզում վերացնել։ Սա ոչ միայն չի հուզում միջազգային ուժերին, այլև մեր իշխանավորները ևս` այս խնդրի վերաբերյալ, ինչպես շատ ու շատ այլ հարցերի` լռում են», – եզրափակեց Արտյուշա Շահբազյանը:












