«Հայ-թուրքական հարաբերություններն ու արցախյան հարցը առանձին գործընթացներ են»
ArmAr.am-ի հարցազրույցը ԼՂՀ ԱԺ-ի Արտաքին հարաբեությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ:
– Պարոն Աթանեսյան, ըստ ձեզ, ի՞նչ տվեց աթենքյան հանդիպումը, արդյո՞ք, համանախագանների հերթական համատեղ հայտարարությունը ինչ–որ նոր բան ավելացրեց բանակցային գործընթացին: Գուցե ճիշտ են այն գնահատականները, թե գործընթացը դոփում է իր տեղում:
-Ես այն կարծիքին չեմ, որ բանակցային գործընթացը նույն տեղում է դոփում, որովհետև համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, իրոք, նորություններ կան: Մասնավորապես. կողմերն առաջին անգամ խոսում են կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ`ընդհանուր ըմբռնման հասնելու առաջընթացի մասին, որն ի դեպ, ձեռք է բերվել անցնող տարվա ընթացքում: Սա, իմ կարծիքով, նշանակում է, որ կողմերը մոտ են հիմնարար սկզբունքների շուրջ ընդհանուր համաձայնության հասնելուն, ինչը նախկինում չկար:Երկրորդ նորությունն այն է, որ միջնորդները փորձում են պահպանել անցնող տարվա հանդիպումների դինամիկան` նաև 2010 թվականին: Ինչն իր հերթին վկայում է կողմերի միջև հիմնախնդրի կարգավորման սկզբունքների շուրջ համաձայնության գալու մտադրության մասին: Այնպես որ, եթե փորձենք ամփոփել, ապա կարող ենք ասել, որ բանակցային գործընթացը, կարծես թե, հասնում է մի հանգրվանի, որտեղ արդեն որոշումներ են քննարկվում:
– Ասել է, թե Ադրբեջանն այլևս պատճառ չունի հայտարարելու, թե բանակցությունները ոչինչ չեն տալիս, հետևապես, հարկ է փոխել Մինսկի խմբի ձևաչափը:
– Չպետք է այդչան մտասևեռվենք այն բանի վրա, թե ինչ է ասում Ադրբեջանը, կամ ինչ մտադրություններ նա ունի: Ադրբեջանը, փաստորեն, աթենքյան այս հայտարարությամբ, որ արեց արտաքին գործերի նսախարարի մակարդակով, ընդունում է, որ իր երկիրը պատրաստ է բանակցությունները շարունակել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու նպատակով: Իսկ հիմնարար սկզբունքները բխում են Մադրիդյան գաղափարներից, որոնք սահմանված են միջնորդ երկրների համանախագահների` անցած ամռանն ընդունած հայտարարության մեջ:
–Իսկ Մադրիդյան սկզբունքները բխո՞ւմ են հայկական կողմերի շահերից: Ի դեպ, երեկ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարեց, թե քննարկվում է այդ սկզբունքներից ընդամենը 5-ը, որոնք առկա սկզբուքների, ընդամենը` 1/3 մասն էլ չեն կազմում: Սա վտանգավոր չե՞ք համարում: Արցախին հայտնի է Մադրիդյան սկզբունքների ամբողջական բովանդակությունը:
– Ես որպես խորհրդարանի ներկայացուցիչ, որևէ փաստաթղթի բովանդակությունից տեղյակ չեմ և կարող եմ խոսել միայն իմ անունից: Իսկ այն, թե սկզբունքների որ մասն է քննարկվում, որը` ոչ, կարծում եմ դա այս պահին այնքան էլ ճիշտ չի վերլուծել, որովհետև խոսքն այստեղ վերաբերում է կարգավորման մեթոդաբանությանը: Իսկ կարգավորման մեթոդաբանությունը, փիլիսոփայությունը ևս մեկ անգամ հնչեցվեց աթենքյան համատեղ հայտարարության մեջ` դա ուժի կիրառման բացառումն է, տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների իրավահավասարությունն ու ինքնորոշվելու իրավունքը: Մեթոդաբանությունը սա է: Հիմա թե այս մեթոդաբանությունից ի՞նչ մանրամասնություններ են բխում, ի՞նչը կարող է քննարկման առարկա դառնալ ընթացող բանակցություններում, սա արդեն ապագայի խնդիր է: Բոլորի համար հասկանալի է, որ այս պահին ոչ թե խնդիրն է լուծվում, այլ կողմերը ճշտում, որոշում են իրենց դիրքորոշումները` խնդրի կարգավորման վերաբերյալ: Եթե այս մեթոդաբանության շրջանակներում համաձայնություններ ձեռք բերվեն, բնականաբար, դրան հետևելու է արդեն պայմանագրի մշակման աշխատանքը, որ ավելի երկարատև, ավելի բարդ գործընթաց է լինելու: Ի դեպ, ԱԳ նախարար Է. Նալբանդյանը դա նկատի ուներ: Անդրադառնամ ձեր հարցի սկզբին` Մադրիդյան սկզբունքներն, արդյո՞ք, բխում են հայկական կոմերի շահերից:
Եթե ՀՀ արտգործնախարարը ստորագրում է մի փաստաթուղթ, որտեղ ամրագրված է` նախարարները վերահաստատեցին իրենց հանձնառությունը` եռանդուն աշխատել չլուծված հարցերը կարգավորելու ուղղությամբ, Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա, կրկնում եմ, եթե ՀՀ արտաքին գործերի նախարարն այս փաստաթուղթը ստորագրում է, ուրեմն, ՀՀ-ն խնդրի կարգավորման փիլիսոփայությունը տեսնում է այդ երեք սկզբունքների համատեքստում` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք, ինչն էլ, բնականաբար, բխում է հայկական կողմերի շահերից:
– Այս հանդիպման ժամանակ դարձյալ հայտարարվեց, որ առանց Արցախի մասնակցության պայմանավորվածություններ չեն կարող լինել. չե՞ք կարծում, որ սրանից այլևս բխում է այն, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին շատ մոտ է:
– ՀՀ արտգործնախարարն ասել է, որ սկզբունքների հարցում Ադրբեջանի հետ համաձայնության գալուց հետո, երբ կսկսվի աշխատանքը` խաղաղության համապարփակ պայմանագրի մշակման ուղղությամբ, այդ դեպքում արդեն ԼՂՀ մասնակցությունը կդառնա անհրաժեշտություն: Միշտ էլ հայկական կողմը պնդել է, որ վերջնական պայմանագիրը պետք է ներառի նաև ԼՂՀ դիրքորոշումը:
-Ադրբեջանն ու Թուրքիան ամեն ինչ անում են հայ–թուրքական հարաբերությունները Արցախի խնդրի հետ կապելու ուղղությամբ: Այդ նկրտումները բավական վտանգավոր են: Ի՞նչ հակաքայլեր պետք է ձեռնարկի հայ դիվանագիտությունը` հակադարձելու նման նկրտումներին:
– Աթենքում ստորագրված փաստաթուղթն արդեն իսկ վկայում է այն մասին, որ հայկական կողմը համարժեք դիվանագիտական քայլեր է ձեռնարկում, որպեսզի իչիք դառնան ադրբեջանաթուրքական ջանքերն ու Ղարաբաղյան խնդիրը տարանջատվի Հայաստան- Թուրքիա հարաբերությունների հետագա ճակատագրից: Այդ մասին հայտարարություններով հանդես են եկել նաև Մինսկի խմբի համանախագահող երկրները, ընդգծելով, որ հայ-թուրքական հարաբերություններն ու արցախյան հարցի կարգավորումը առանձին գործընթացներ են և չեն կարող միմյանց հետ շաղկապվել:
Արուսյակ Հոխիկյան
ArmAr.am












