Օբամա-Էրդողան հանդիպման արդյունքում Հայաստանը կարող է «հաղթաթուղթ» ձեռք բերել
«Հայկական կողմի այս նախաձեռնողական քաղաքականության արդյունքում հայ-թուրքական փակ դարպասների բանալիները դեռևս հայկական կողմի ձեռքում չեն»,-արձանագրում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նա նշում է, որ այս ամենի հիմքում պետք է դրվեր հենց այն խնդիրը, որ «բանալիները գոնե մասամբ լինեին Երևանի ձեռքերում», այնինչ դրանք դեռևս թուրք-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում են, և դեռ հարց է, թե ինչպես դրանց հետ կվարվի միջազգային հանրությունը:
Այս և շատ այլ հարցեր որոշակիորեն կհստակեցվեն, հատկապես, դեկտեմբերի 7-ին կայանալիք Օբամա-Էրդողան հանդիպումից հետո:
Ի դեպ, այս հանդիպման ընթացքի վերաբերյալ պարոն Սաֆարյանը կանխատեսում է երեք հիմնական սցենար. «Եթե Թուրքիան համաձայնի լիովին բավարարել ԱՄՆ շահերը, ապա որպես փոխհատուցում կստանա այն ամենը, ինչ կցանկանա` այդպիսով մեզ համար ստեղծելով առավել քան վտանգավոր իրավիճակ: Երկրորդ տարբերակի դեպքում, եթե Թուրքիան մասամբ բավարարի Միացյալ նահանգների շահերը, դժվար է կանխատեսել զարգացման հստակ ուրվագծերը: Իսկ ահա Թուրքիայի կողմից գերտերության շահերը չբավարարելու դեպքում Հայաստանը ստանում է լուրջ խաղաթուղթ` Թուրքիայի քաղաքականությունը վնասազերծելու և մեր ցանկացած ուղղությամբ առաջնորդելու համար»:
Երկու երկրների նախագահների հանդիպման վերջին սցենարի դեպքում, ըստ պատգամավորի, Հայաստանի ձեռք բերած լուրջ «հաղաթուղթը» կարևոր է հատկապես ապրիլ ամսին ԱՄՆ կոնգրեսում Ցեղասպանությունը պաշտպանող բանաձևի ընդունումն օժանդակելու համար:
ArmAr.am












