Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Թուրք վերլուծաբանները կանխատեսում են, որ Էրդողանին չորս հարց են տալու Վաշինգտոնում

Դեկտեմբեր 3, 2009թ. 15:40

erdoganԹուրք  վերլուծաբան Քադրի Գյուրսելն  անդրադարձել է այն չորս հիմնական հարցերին, որոնք ուղղվելու են Էրդողանին` հստակ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը: Եվ այսպես, սպասվում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետին կարվեն այսօրինակ հարցադրումներ:

1. Իրանի միջուկային ծրագրերի հարցում ի՞նչ եք անելու

Իրանի հետ կապված գործընթացն արագորեն փոխվում է: Հնարավոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում ընդունի պատժամիջոցներ կիրառել Թեհրանի նկատմամբ: Ահա այդտեղ հավանականություն կա, որ ամերիկյան ու թուրքական արտաքին քաղաքականություններում անհամաձայնություն կդրսևորվի: Եթե գործը հասնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ապա ԱԽ անդամ Թուրքիան դժվար ընտրության առաջ կկանգնի: ԱՄՆ-ին անհրաժեշտ է պարզել` Իրանի նկատմամբ առաջարկվող պատժամիջոցներին Թուրքիան «այո°» կասի, թե° «ոչ»:

2. Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները ե՞րբ եք վավերացնելու

Օբամայի վարչակազմը շահագրգռված է այդ արձանագրությունների խորհրդարանական վավերացմամբ: ԱՄՆ-ում մեծ ոգևորությամբ ողջունեցին հայ-թուրքական արձանագրությունները, քանի որ մի շարք պատճառներով դրանք համահունչ են նաև ամերիկյան շահին: Սպիտակ տունը ցանկանում է հստակեցնել արձանագրությունների ճակատագիրը: Էրդողանին բացահայտ կասվի. «Տեսեք, արձանագրությունների ստորագրումը հոյակապ գործ էր, այժմ էլ հարկավոր է դրանք կենսագործել»:

3. Իսրայելի հետ հարաբերությունները մինչև ո°ւր են հետընթաց ապրելու

Թուրք-իսրայելական հարաբերությունների հետընթացը մեծ հաշվով կանխատեսելի էր և արդյունք էր առավել զորեղ ներգործությունների… Թուրքիայի հասարակական կարծիքի փոփոխություն, Սիրիայի հետ ռազմավարական հարաբերությունների փոփոխություն և այլն: Այժմ 90-ականների դրությունը չէ: Այդ պատճառով էլ Իսրայելի հանդեպ Թուրքիայի դիրքորոշման փոփոխումն ամենևին անակնալ չեղավ Միացյալ Նահանգների համար: Վաշինգտոնն ընդամենը կցանկանա պարզել, թե որքան ժամանակ է տևելու հարաբերությունների այդ լարվածությունը:

4. Հակահրթիռային պաշտպանության համակարգը ձեր երկրի տարածքում տեղակայելու գաղափարին ինչպե°ս եք վերաբերվում

Չեխիայում և Լեհաստանում տեղակայելու անհաջող փորձից հետո կրկին կարող է օրակարգ գալ նոր բալիստիկ հրթիռների պաշտպանական համակարգի տեղակայման հարցը: Մեծ հաշվով խոսքը Միջերկրական ծովի վրա տեղակայված ռազմաբազայի մասին է, սակայն առաջիկայում հնարավոր է, որ այդ պաշտպանական համակարգի որոշ մասը ափամերձ գոտում դիրքավորելու հարց առաջանա: Օբամային հարկավոր է ծանոթանալ այդ հարցում Անկարայի դիրքորոշման հետ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն