ԱԳ նախարար Նալբանդյանը հանդիպել է Հունաստանի վարչապետին
ԵԱՀԿ նախարարական խորհրդի երկրորդ օրը եւս հագեցած էր երկկողմ հանդիպումներով: Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Հունաստանի վարչապետ, ԵԱՀԿ գործող նախագահ Յորղաս Պապանդրեուի հետ էր:
Նախարար Նալբանդյանը Հունաստանի վարչապետին փոխանցել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները ու գոհունակություն հայտնել երկու երկրների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության առնչությամբ:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին` Հունաստանի վարչապետն ասել է, որ հայ-հունական բարեկամությունը դարավոր արմատներ ու ավանադույթներ ունի եւ Հունաստանի իշխանությունները ցանկանում են գործուն քայլեր ձեռնարկել համագործակցության առավել խորացման ուղղությամբ:
Վարչապետ Պապանդրեուն եւ նախարար Նալբանդյանը քննարկեցին Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, բարձր են գնահատել հաստատված քաղաքական երկխոսությունը եւ անդրադարձել տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության եւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Աթենքում Հայաստանի արգործնախարարը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյին: Զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր:
Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության բոլոր հարթություններում:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի խնդրանքով Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում գրանցված դրական դինամիկան, Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների մյունխենյան հանդիպման արդյունքները:
Տարածաշրջանային հարցերի քննարկման ժամանակ անդրադարձ է արվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը իր աջակցությունն է հայտնել այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին` հույս հայտնելով, որ ստորագրված արձանագրությունները շուտով կվավերացվեն ու հնարավոր կլինի անցնել պայմանավորվածությունների իրագործմանը:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորնբյոր Յագլընդի հետ էր:
Հայաստանի արտգործնախարարը շնորհավորել է Թյորնբյոր Յագլընդի ԵԽ գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նա իր նշանակալի ներդրումը կունենա կազմակերպության նպատակների իրագործման մեջ:
Զրույցի ընթացքում քննարկվել է ԵԽ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարար Նալբանդյանն ու գլխավոր քարտուղար Յագլընդը խոսել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է կազմակերպության անդամ երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերը:
Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալանդյանը քննարկել է Հայաստանի եւ Բելառուսի Նախագահների միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաեւ` մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 17-րդ նստաշրջանի արդյունքներով ՀՀ արտգործնախարարը ճեպազրույց է ունեցել Աթենք ժամանած հայ լրագրողների հետ:
Աթենքից մեկնելուց առաջ Էդվարդ Նալբանդյանը հանիպել է ՀՅԴ Հունաստանի կառույցի ղեկավարներին` վերջիններիս նախաձեռնությամբ: Նախարար Նալաբանդյանը զրուցակիցներին ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատման գործընթացը:












