Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Փաստերն ավելի զորեղ են` պետականորեն հորինված ադրբեջանական հեքիաթներից

Դեկտեմբեր 3, 2009թ. 18:51

Artak MovsisyanArmAr.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ռուս գիտնականները հսկայածավալ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ հետխորհրդային պետությունների դպրոցական դասագրքերում «Բացի Բելառուսից, ու Հայաստանից, մնացած բոլոր երկրներն աճող սերնդին հրամցնում են իրենց պատմության ազգայնամոլական մեկնությունը. թե որքան հին է իրենց ծագումը, որքան բարձր մշակութային առաքելություն է իրենց վերապահված եւ որքանով է Ռուսաստանն իրենց երդվյալ թշնամին»:

Ռուս գիտնականներին,  հատկապես, ապշեցրել է ադրբեջանացիների` պատմություն կեղծելու ունակությունը: Օրինակ, պատմության մի դասագրքում նշվում է, որ «Սլավոնական զինյալները 914թ. ամիսներ շարունակ անդադար հարձակվում եւ կողոպտում էին Կասպից ծովի ադրբեջանական ափերը»` սպանելով խաղաղ բնակիչներին եւ պատանդառելով կանանց ու երեխաներին:

Ավելին, նրանք  հանդգնում են իրենց պատմությունը երկարաձգել ու  «հասցնել» մինչև  շումերները, նույնիսկ  հայտարարել, թե. «Հնագույն Ադրբեջանի ցեղախմբերի մասին գրավոր առաջին հիշատակություններն արվել են շումերական էպոսներում եւ սեպագրերում… Ներկայիս Հայաստանը հիմնվել է հնագույն արևմտյան Ադրբեջանի տարածքում»:

Եթե ռուսներին զայրացրել էր պատմության ադրբեջանական մեկնաբանությունը, ապա մեզ` հայերիս համար դա պարզապես ծիծաղելի է:

ArmAr.am-ի խնդրանքով պատմաբան Արտակ Մովսիսյանը գիտական փաստարկներով է խոսում ադրբեջանցիների հետ. «Ադրբեջանական կեղծարարությունը նորություն չէ, նորություն չէ և այն, որ ադրբեջանական պետությունն ինքն է պատվիրում այդ կեղծարարությունն ու ներդնում դասագրքերում: Հայտնի է Ալիևի պատվերը իր երկրի գիտնականներին` կեղծել գիտությունը, ինչը շատ նման է Քեմալ Աթաթուրքի կողմից Թուրքիայի Հանրապետության գիտնականներին տրված այն պատվերին, թե Թուրքիայի տարածքում հայտնաբերված ամեն ինչ պետք է կապել թուրք էթնոսի ստեղծման հետ: Դա, բնականաբար, շատ հեռու է իրականությունից:

Ադրբեջանցիները` որպես էթնիկական միավոր, թյուրքական մակրոէթնոսի մի մասն են կազմում, և այս տարածաշրջանում հայտնվում են միայն հազար տարի առաջ`11-րդ դարում, սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով: Դրանից առաջ  ադրբեջանցի, կամ որևէ տեսակի թյուրքական էթնոսի մասին Հայկական լեռնաշխարհում և հարակից շրջաններում, այդ թվում Անդրկովկաս կոչվող տարածաշրջանում, որևէ հիշատակություն գոյություն չունի»:

Իսկ ինչ վերաբերում է «Ադրբեջան» տերմինին, ապա բոլորիս քաջ հայտնի պատմությունը, Արտակ Մովսիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց. «Յուրաքանչյուր պատմաբան գիտի, որ դա Ատրպատական  տերմինն է, որը արաբական ժամանակաշրջանում հնչյունափոխվեց` Ադրբագան դառնալով, իսկ թուրքական աղավաղումով ստեղծվեց Ազերբաջան տերմինը: Այդ անվանումը վերաբերում է Ուրմիո լճի և Կասպից ծովի միջնատարածքին, երբեք չի առնչվել Հայկական լեռնաշխարհին, առավել ևս` երբեք չի տարածվել Արաքսից հյուսիս:

1918 թվականին կովկասյան թաթարները կամ կովկասյան թուրքերը, ինչպես նրանց կոչում են այն ժամանակվա աղբյուրներում, Անդրկովկասյան Սեյմի փլուզումով ստեղծեցին պետություն: Եվ  Նուրի փաշայի առաջարկով (երիտթուրք դահիճներից մեկը` Էնվեր փաշայի հարազատ եղբայրը), պետությունը կոչվեց Ադրբեջան` այն հեռանկարով, որ դա հետագայում կհամարվի հյուսիսային Ադրբեջան, իսկ իրական Ատրպատականը, որը գտնվում է Իրանի տարածքում, կհամարվի հարավային Ադրբեջան, իսկ երկուսը միացնելով, կստեղծեն միասնական Ադրբեջան թյուրքական պետությունը:

Սա բնականաբար, պանթուրքիզմի իրականացմանն ուղղված մի քայլ էր, որը երիտթուրքերն իրականացրեցին և որի հետևանքներին մենք այսօր ականատես ենք»:

Պատմաբանը շարունակում է. «Իրականում, մինչև 1918 թվականը Արաքս գետից դեպի հյուսիս ընկած շրջանում ոչ Ադրբեջան, ոչ Ատրպատական տերմինները երբեք չեն կիրառվել, ավելին` մ.թ. 11-րդ դարից առաջ թուրքական տարրի գոյության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող:

Մինչդեռ այսօր ադրբեջանցիները փորձում են իրենց պատմությունը տանել հետ, ընդհուպ մինչև Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակ` իբրև թե կապելով շումերական աղբյուրների հետ: Իրականում նրանք վերցնում  և փորձում են իրենց վերագրել այն ամենը, ինչ կա հայոց պատմության մեջ: Օրինակ` շումերական աղբյուրներում հիշատակվում է Արատտա պետությունը, որը Աստվածաշնչյան Արարատն է, այսինքն Հայաստանը: Նրանք դա էլ են վերագրում իրենց: Իբրև թե այն հնագույն ադրբեջանական պետություն է: Եվ դա անում են այն դեպքում, երբ շումերական աղբյուրները նշում են, որ  Եփրատ գետը Արատտա երկրից հասնում  է դեպի Շումեր: Այսինքն` Եփրատ գետը պետք է հոսեր Արատտա երկրի տարածքով, իսկ այն, ինչպես գիտենք, Հայկական լեռնաշխարհի արևմուտքում է հոսում` այսօրվա ադրբեջանական հանրապետության տարածքից հարյուրավոր ու հազարավոր կիլոմետրեր հեռու: Այսինքն` ոչ մի պատմական հիմնավորում չկա, և դա ընդամենը պետական մակարդակով բարձրացված կեղծարարություն է, որի մասին բազմաթիվ անդրադարձեր են եղել և’ մեր գիտնականների, և’ օտարազգի գիտնականների, և’ քաղաքական գործիչների կողմից»:

Անի Աբովյան

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն