Գլխավոր » Լրահոս

Կորեայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահները ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր

Դեկտեմբեր 3, 2009թ. 18:54

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Սեուլում հանդիպեց Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ   Կիմ  Հյունգ Օի հետ:

Հանդիպման սկզբում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  շնորհակալություն  հայտնեց Կորեա այցելելու հրավերի և  պատվիրակությանը ցուցաբերվող ջերմ ընդունելության համար:

Ողջունելով գործընկերոջը եւ շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու եւ ԿՀ այցելելու կապակցությամբ` Կորեայի խորհրդարանի նախագահ Կիմ Հյունգ Օն բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի այցը Կորեա եւ նշեց, որ այն կարեւոր խթան կհանդիսանա հայ-կորեական բարեկամական հարաբերությունները զարգացնելու եւ ամրապնդելու ոչ միայն խորհրդարանների մակարդակով, այլեւ բոլոր ուղղություններով: Նա Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը կարեւորեց նաեւ տնտեսական, գիտակրթական, մշակութային փոխգործակցությունը ակտիվացնելու առումով:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նույնպես կարեւորելով միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը` նշեց, որ Հայաստանի և Կորեայի Հանրապետության խորհրդարաններում ձևավորված միջխորհրդարանական բարեկամության պատգամավորական խմբերը  իրենց զգալի  ներդրումը կարող են ունենալ երկու երկրների և ժողովուրդների միջև փոխճանաչելիության մակարդակի բարձրացման, համագործակցության նոր ոլորտների բացահայտման գործում:        Նշվեց, սակայն, որ առկա է դեռևս չօգտագործված հսկայական ներուժ` զարգացնելու եւ ամրապնդելու համար հայ-կորեական փոխգործակցությունը տարբեր ոլորտներում: Նա պատրաստակամություն հայտնեց իր ջանքերը գործադրելու հայ-կորեական միջխորհրդարանական համագործակցության առաջխաղացման ուղղությամբ: Տնտեսական համագործակցության մեծ ներուժի օգտագործման տեսակետից` պարոն Աբրահամյանը ընդգծեց Հայաստանի տնտեսությունում հարավկորեական ընկերությունների ներդրումների խրախուսումը` նշելով, որ այս ուղղությամբ արդյունավետ հնգամյա գործունեություն է ծավալել Երևանում ԿՀ Գլխավոր հյուպատոսությունը,  ի դեմս  ՀՀ-ում ԿՀ պատվո հյուպատոս, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբրահամյանի: Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկու երկրների միջև իրականացվել են մի շարք միջոցառումներ տարբեր ոլորտներում: Համագործակցության արդյունքում Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կորեերեն լեզուն ուսուցանվում է որպես երկրորդ լեզու եւ շուրջ 200 հայ ուսանողներ ուսուցանում են այն: Հրատարակվել է առաջին հայ-կորեերեն բառարանը: Տնտեսական համագործակցության առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց նաև իրավապայմանագրային դաշտի ձևավորումը:

Կորեական կողմի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց ԱԺ կառուցվածքը, ծանոթացրեց օրենսդրական ու վերահսկողական գործառույթներին, խորհրդարանի ձեւավորման կարգին, ԱԺ-ում քաղաքական ուժերի ներկայացվածությանը:

Պարոն Աբրահամյանը  գոհունակությամբ փաստեց, որ անցած տարիների ընթացքում Հայաստանի և Կորեայի միջև միջազգային կազմակերպությունների շրջանակներում ձևավորվել է հաջող համագործակցություն, որը պայմանավորված է փոխադարձ աջակցությամբ: Նա նշեց, որ Հայաստանը կարևորում է բարեկամ երկրների մոտեցումները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում և հույս հայտնեց, որ Հարավային Կորեան կպահպանի իր հավասարակշիռ դիրքորոշումը: Կորեան մշտապես ցուցաբերել է անկողմնակալ դիրքորոշում ՄԱԿ-ում Լեռնային Ղարաբաղի շուրջ քննարկումների ժամանակ` ՙձեռնպահ՚ քվեարկելով Ադրբեջանի կողմից արված առաջարկություններին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մենք կիսում ենք Կորեայի մտահոգությունը տարածաշրջանում անվտանգության, կայունության հաստատման կապակցությամբ` շեշտելով, որ Հայաստանը նույնպես կողմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ այս համատեքստում եւս մեկ անգամ ընդգծեց, որ Ղարաբաղյան խնդրի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծումը այլընտրանք չունի:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հարավային Կորեայի ԱԺ նախագահը նշեց, որ Հյուսիային Կորեայի կողմից միջուկային ծրագրի սառեցման գործընթացի ձախողումը, ինչպես նաև այս տարի իրականացրած միջուկային փորձարկումները խոչընդոտում են տարածաշրջանի անվտանգությանն ու կայուն զարգացմանը: Նա հույս հայտնեց,  որ եղած խնդիրները կկարգավորվեն վեցակողմ բանակցությունների միջոցով:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց, որ կորեական կողմը տեխնիկական աջակցություն կցուցաբերի Հայաստանի խորհրդարանին եւ նիստերի դահլիճը նոր տեխնիկայով կհագեցնի:

Հանդիպման վերջում ՀՀ ԱԺ նախագահը ԿՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցով հրավիրեց Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կիմ Հյոնգ-Օն երկու խորհրդարանների  միջև բարեկամական կապերի և համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման նպատակով ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրում մասնավորապես նշված է, որ կողմերը համակարծիք են, որ Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պահից ի վեր` 17 տարի շարունակ,  բարեկամության և համագործակցության երկկողմ հարաբերությունները էլ ավելի խորանալու են հետևողական, հաստատուն և կայուն հիմքերի վրա: Նրանք հաստատում են իրենց ձգտումը` իրագործելու երկու երկրների խորհրդարանների միջև պայմանավորվածությունները` հանուն հայ-կորեական բարեկամության և  համագործակցության նոր ձեռքբերումների: Կողմերը համամիտ են, որ միջխորհրդարանական կապերը հանդիսանում են միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչը և խորհրդարանների գծով շփումների ակտիվացումը` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, նպաստում է փոխըմբռնման և փոխվստահության ամրապնդմանը, միասնական տեսակետների շրջանակի ընդլայնմանը և երկրների միջև համագործակցության զարգացմանը:  Կողմերը հաստատում են իրենց պատրաստակամությունը` խորհրդա¬րանների երկկողմ հարաբերությունների և միջազգային հարցերի շուրջ իրենց դիրքորոշումների համաձայնեցումներն իրականացնել խորհրդատվություն¬ների միջոցով:

Հուշագրով  պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ ջանքերով աջակցել և նպաստել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի միջև բազմակողմանի, բազմամակարդակ և բազմազան համագործակցությանը, խորհրդարանների միջև բարձր մակարդակով շփումներին, խորհրդարանական համապատասխան հանձնաժողովների միջև համագոր¬ծակ¬¬ցությանը, պետաիրավական, մարդու իրավունքների, առևտրատնտեսական, գյուղատնտեսական, էներգետիկ, կրթական, մշակութային, բնապահպանության և այլ ոլորտներում օրինաստեղծ փորձի փոխանակմանը:

Հուշագրում նշված է, որ ստորագրող կողմերը համակարծիք են ուժեղացնելու երկու խորհրդարանների փոխգործակցությունը երկուստեք կարևոր համարվող միջազգային հարցերի շուրջ, անցկացնելու կողմերի պատվիրակությունների հաճախակի հանդիպումներ և խորհրդատվություններ միջազգային խորհրդաժողովների և այլ միջոցառումների ընթացքում:

Հուշագրի ստորագրումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԿՀ ԱԺ նախագահ Կիմ  Հյունգ Օն ճեպազրույց տվեցին լրագրողների համար:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին եւ պատվիրակության անդամներին  հյուընկալեց ՙGS Group՚ ընկերության նախագահ Հո Ջան Սուն:

ՙGS Group՚ ընկերությունը հսկայական կազմակերպություն է, որը կազմված է բազմաթիվ մեծ, միջին և փոքր ընկերություններից: Ընկերությունն ունի 48 տարբեր մասնաճյուղեր, այն ունի  բազմաթիվ ներկայացուցչություններ աշխարհի շատ երկրներում: Տարեցտարի ՙGS Group՚ ընկերությունն էլ ավելի է  զարգանում և աշխարհի արդյունաբերության ու առևտրի բնագավառում զբաղեցնում է ավելի առաջատար դիրքեր: ՙGS Group՚ ընկերության մասնաճյուղ հանդիսացող ՙGS Engineering and Construction՚ ընկերությունը Երևանում իրականացնում է Երևան ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շինարարական աշխատանքները: Նախատեսվում է, որ էլէկտրակայանի կառուցման ավարտը և գործարկումը կլինի 2010 թվականի ապրիլին: Ընդհանուր առմամբ նախագծի իրականացման համար կտրամադրվի  240-250 մլն ԱՄՆ դոլար:

Ողջունելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը` ՙGS Group՚ ընկերության նախագահը բարձր գնահատեց Հայաստանի խորհրդարանի նախագահի այցը եւ նշեց, որ տեղյակ է ստորագրված հուշագրի  կապակցությամբ` շեշտելով, որ այն կարեւոր քայլ է երկու երկրների փոխգործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելու ուղղությամբ: Նա շնորհակալություն հայտնեց պարոն Աբրահամյանին  Հայաստան իրենց ընկերության մուտքը աջակցելու համար եւ համոզմունք հայտնեց, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Կորեայի Հանրապետության հետ տնտեսական համագործակցության ընդլայնմանը, և այդ համատեքստում կարեւորեց Հարավային Կորեայի ամենախոշոր մասնավոր ընկերություններից մեկը հանդիսացող ՙGS Group՚ ընկերության հետ  փոխգործակցությունը: Բարձր գնահատելով  ընկերության արդյունավետ գործունեությունը Հայաստանում` նա հույս հայտնեց, որ Հայաստանի և ՙGS Group՚ ընկերության համագործակցությունը շարունակական կլինի եւ իր պատրաստակամությունը հայտնեց  աջակցել  փոխգործակցությունը զարգացնելու հարցում: Այդ նպատակով  նա անհրաժեշտ  համարեց  գործարարների անմիջական շփումների հաստատումը, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն