Զբաղեցրած պաշտոնից ազատվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետը
Հայաստանի արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, հիմք ընդունելով ՀՀ նախարարության քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանի եւ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանի զեկուցագրերը, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Սամվելի Աֆրիկյանին ազատել Է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարի մեկ այլ հրամանով` «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից կկատարի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը։
Քրեակատարողական վարչության պետ Աշոտ Գիզիրյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սահմանված կարգով պետք է կազմակերպի ընդունման-հանձնման աշխատանքների իրականացումը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին ՔԿՀ-ից փախուստի էին դիմել ցմահ դատապարտված Սողոմոն Քոչարյանն ու Մհեր Ենոքյանը:
Արդարադատության նախարարությունից միաժամանակ հայտնում են, որ
նախարարի հրամանով ծառայողական հետաքննություն էր սկսվել «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված մի լուսանկարի կապակցությամբ, ուր պատկերված էին հոկտեմբերի 27-ի եւ Դրոյի գործով ցմահ ազատազրկվածներ` «Ազատամտություն» թերթի խմբագրի հետ մի սեղանի շուրջ, ինչը համարվում է օրենքի կոպիտ խախտում:
ArmAr.am












