Հայաստանի խորհրդարանը հայտարարում է` պատասխանատվություն կրողը Ադրբեջանն է
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատրաստակամության մասին.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը.
ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքին ու այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրությանը,
շեշտելով` Խորհրդային Միության փլուզումով նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու իրավահավասար անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ձևավորումը,
փաստելով` ԼՂ բնակչության ինքնորոշման իրավունքի իրականացման գործընթացին ի պատասխան, ադրբեջանական իշխանությունների կողմից որդեգրված էթնիկ զտումների քաղաքականության և ուժային մեթոդներով հարցի լուծման ճանապարհը, դրսևորված.
– Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր բնակավայրերում` Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու և այլ 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բնակչության զանգվածային տեղահանումներով, ջարդերով, բռնություններով ու սպանություններով,
– ԼՂՀ և հարակից տարածքներում իր բնօրրանում ապրող հայ բնակչության նկատմամբ իրականացրած էթնիկական զտումներով,
– վարձկան գրոհայինների և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջան կողմից 1991-1994թթ. սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայով,
վերահաստատելով` Հայաստանի Հանրապետության հանձնառությունն առ այն, որ հանդիսացել և հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա բնակչության անվտանգության երաշխավորը,
արձանագրելով, որ Ադրբեջանի ուժային քաղաքականության արդյունք հանդիսացող բազմահազար մարդկային անդառնալի կորուստների, անկախ ազգային պատկանելիությունից մեկ միլիոնից ավելի փախստականների ու տեղահանվածների, ծանր նյութական կորուստների ու ԼՂՀ և Ադրբեջանի փոխադարձ վերահսկողության տակ տարածքներ անցնելու անմիջական պատասխանատուն ագրեսոր Ադրբեջանն է,
վկայակոչելով` Ադրբեջանի կողմից շարունակվող.
– արցախյան հիմնախնդրի էության և հակամարտության ծագման ու ծավալման պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, հակամարտության կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որպես բանակցային լիիրավ կողմ չճանաչելու Ադրբեջանի մարտավարությունը, որոնք նպատակ են հետապնդում խուսափել հակամարտության բուն առարկան հանդիսացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի և անվտանգության հետ կապված հարցերի առաջնահերթ լուծումից և հակամարտության հետևանքների համար պատասխանատվությունից,
– ռազմատենչ հայտարարությունները, հայատյացության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված քաղաքականությունը, ինչը խոչընդոտում է կողմերի միջև փոխվստահության ձևավորման հնարավորությունները,
համոզված լինելով, որ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման, ռազմական ճանապարհի բացառման և հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության և արդյունավետության ապահովման երաշխիքը եղել և մնում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքի անվերապահ կիրառումը,
ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է
Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, հակամարտության ծագման և հետևանքների պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, ատելություն սերմանող հակահայկական կոչերն ու գործողությունները, իրենց կողմից կատարված ոճրագործությունների ծանրությունը չընդունելը, շարունակում են հակամարտության կարգավորման սկզբունքային ու առանցքային խոչընդոտը հանդիսանալ և այս քաղաքականության շարունակության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը:













