Արմեն Ռուստամյան.«Ադրբեջանը ցանկանում է հող նախապատրաստել իր հնարավոր նոր ագրեսիայի արդարացման համար»
«Պետք է հակազդել ադրբեջանական քաղաքականությանը, դրանում ներգրավելով մեր խորհրդարանական դիվանագիտությունը»,- ասում է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ, Արմեն Ռուստամյանը, ով ներկայացրել է`«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանկցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ:
Ըստ Ռուստամյանի, հակազդել պետք է, հատկապես, միջազգային ատյաններում արցախյան իրադարձությունների իրական բովանդակության ադրբեջանական խեղաթյուրումների դեմ: Եվ այդ ֆոնի վրա հարկ է ի ցույց դնել Ադրբեջանի պատասխանատվությունը` հակամարտության սրման, դրա առաջացրած հետևանքների վերաբերյալ: Չէ՞ որ «Ադրբեջանը, օգտվելով այն հանգամանքից, որ միջազգային շատ կազմակերպություններում անտեղյակ են իրադարձությունների իրական բովանդակությունից, ձգտում է միջազգային հանրության մոտ հակամարտության ծագման և ընթացք վերաբերյալ կեղծ պատկեր ձևավորել»:
Վերջերս Ադրբեջանն իր դիրքերը փորձում է «ամրապնդել»` նաև փախստականների և տարածքների հարցում «պահանջատիրություն» ներկայացնելով: Արմեն Ռուստամյանը նման քայլերը բացատրում է հետևյալ կերպ. «Ադրբեջանը ցանկանում է հող նախապատրաստել իր հնարավոր նոր ագրեսիայի արդարացման համար` պահպանելով հակամարտության կարգավորման ռազմական ճանապարհը:
Պատգամավորի ներկայացրած հայտարարության նախագծի մեջ նշվում է. «Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, հակամարտության ծագման և հետևանքների պատճառների խեղաթյուրումներն ու նենգափոխումները, ատելություն սերմանող հակահայկական կոչերն ու գործողությունները, իրենց կողմից կատարված ոճրագործությունների ծանրությունը չընդունելը, շարունակում են հակամարտության կարգավորման սկզբունքային ու առանցքային խոչընդոտը հանդիսանալ և այս քաղաքականության շարունակության հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը»:
Հայտարարության մեջ առանձնացվում են նաև ադրբեջանական իշխանությունների կողմից հայ բանակչության նկատմամբ իրականացված զագվածային ջարդերն ու կոտորածները, «վարձկան գրոհայինների և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջան կողմից 1991-1994թթ. սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիան» և հատկապես այն, որ մինչև օրս Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվում է արցախյան հիմնախնդրի էության և փաստերի խեղաթյուրումն ու նենգափոխումը, շարունակվում են ռազմատենչ հայտարարությունները, հայատյացության և հայկական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված քաղաքականությունը»:
Նշենք, որ Հայաստանի կառավարությունը երեկ հավանության է արժանացրել հիշյալ հայտարարության նախագիծը:
ArmAr.am












