ԼՂՀ-ում գրանցված են 10529 հաշմանդամներ
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում գրանցված հաշմանդամների թիվն այսօր կազմում է 10529: Տոկոսային հարաբերությամբ` բնակչության ընդհանուր թվի մեջ դա զգալի մաս է կազմում: Բնականաբար, այս ոլորտին առընչվող խնդիրներն էլ ուշադրության եւ հոգածության համապատասխան մոտեցում են պահանջում` թե’ պետությունից, թե’ հասարակությունից:
Այս ոլորտում պետական քաղաքականությունն իրականացնող լիազոր մարմինը սոցիալական ապահովության նախարարությունն է: Այստեղ առաջնահերթ խնդիրների թվում նշում են ոլորտը կարգավորող եւ հստակեցնող օրենսդրական դաշտի կատարելագործումը:
Ներկայումս այդ առումով առանցքայինը «ԼՂՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքն է: Իսկ առանձին խնդիրներ կարգավորվում են առողջապահության, կրթության եւ մի շարք այլ բնագավառների վերաբերող օրենքներով եւ օրենսդրական ակտերով:
Սոցապ նախարարության լիազորությունները, սակայն, միայն այս ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորումը չի սահմանափակվում: Աշխատանքները շատ ավելի ընդգրկուն են, վստահեցնում է սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Լենստոն Ղուլյանը:
Միանվագ դրամական օժանդակությանը զուգահեռ` կարեւորվում է նաեւ տարաբնույթ վերականգնողական ծրագրերի իրականացումը: Հաշվառված հաշմանդամները, ըստ կատեգորիաների, սահմանված կարգով ապահովվում են անհրաժեշտ պարագաներով` թիկնասայլակներ, լսողական սարքեր եւ այլն: Իսկ արցախյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամներին տրամադրվում են ավտոմեքենաներ, ինչը, բնականաբար, իրականացվում է բարեգործների աջակցությամբ:
Կարեւորվում է նաեւ հաշմանդամ քաղաքացիների հանգստի եւ բուժման կազմակերպումը: Ինչպես տեղեկացրեց սոցապնախարարի տեղակալը` 2009 թվականին 209 առողջարանային բուժման եւ 28 հանգստյան տների ուղեգրեր են հատկացվել հաշմանդամ քաղաքացիներին: Սոցապնախարարի տեղակալը ոլորտում առկա գլխավոր խնդիրը զբաղվածության հիմնահարցն է համարում: Հատկապես արդի ազատ շուկայական տնտեսակարգի պայմաններում այս հարցն առանձին սրությամբ է դրված:
Խնդիրը որեւէ կերպ կարգավորելու մտահոգությամբ` սոցապնախարարության նախաձեռնությամբ տարաբնույթ ուսուցողական ծրագրեր են կյանքի կոչվում: Վերջնական լուծումը սակայն դեռ հեռու է:
Գալիք տարի կշարունակվեն սոցապնախարարության կողմից արդեն իրականացվող ծրագրերը: Տնտեսական ճգնաժամի պարտադրած դժվարությունները ոչ այնքան նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ծավալին, որքան այդ ոլորտում տարվող քաղաքականությանը կանդրադառնան:
«Անհրաժեշտ է ապահովել տրամադրվող աջակցության հասցեականությունը»,- համոզված է Լենստոն Ղուլյանն ու հավելում, որ դրա լավագույն երաշխիքը արժանահավատ փորձաքննությունը կլինի: Սակայն անգամ այս ոլորտում հնարավոր չէ խուսափել չարաշահումներից, ինչն արձանագրվեց վերջերս իրականացված վերափորձաքննության արդյունքում: Այդ վերաստուգումները շարունակական բնույթ կկրեն` ընդգրկելով առաջին հերթին պետական կառույցներում աշխատող եւ հաշմանդամի կարգ ունեցող քաղաքացիներին:
Մնում է հավատալ` որ այդպես էլ կլինի: Այդ դեպքում արդեն հարկ չի լինի երկար մտածել` ում հատկացնել պետական սուղ միջոցներից տրամադրվող աջակցությունը: Չէ՞ որ մեր շրջապատում իսկապես քիչ չեն մարդիկ, ովքեր ոչ միայն պետական աջակցության, այլեւ պարզապես յուրաքանչյուրիս հոգածության կարիքն ունեն:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












