Աշոտ Փիլիպոսյան. «Մենք բավական լավ հարաբերությունների մեջ ենք պարոն Գյուրջյանի հետ»
Էրեբունի թանգարանի` այսօր արդեն նախկին տնօրեն Աշոտ Փիլիպոսյանի պաշտոնափոխությունը Մշակույթի նախկին փոխնախարար Գագիկ Գյուրջյանով` հանգամանքների բերումով աննկատ չէր կարող մնալ: Այս ու այլ թեմաների շուրջ ArmAr.am-ի թղթակիցը զրուցեց Աշոտ Փիլիպոսյանի հետ:
Պարզելու համար պաշտոնափոխության հանգամանքները և հետագա ծրագրերը` զրուցեցինք նրա հետ:
-Կոնֆլիկտը կապված չէ իմ անձի հետ և չեմ կարծում, թե նման փոփոխություններից հետո Էրեբունի թանգարանը հետընթաց կապրի, առավել ևս, որ նախկին փոխնախարար Գագիկ Գյուրջյանն այս ոլորտի աշխատող է և ծանոթ է ճարտարապետական հուշարձաններին: Մենք բավական լավ հարաբերություների մեջ ենք պարոն Գյուրջյանի հետ և այն ամենը, ինչը ընթացք էր ստացել իմ տնօրինության ժամանակ` շարունակվելու է: Ես շարունակում եմ մնալ հնագիտական արշավախմբի ղեկավարը և համատեղ աշխատել Գագիկ Գյուրջյանի հետ:
-Պարոն Փիլիպոսյան, իսկ ձեր պաշտոնափոխությունը կապված չէ՞, արդյոք, Կարմիր բլուրի տարածքով քաղաքը շրջանցող ճանապարհ անցակացնելու ծրագրերի հետ:
-Ես չեմ կարծում, որ իմ պաշտոնափոխությունը կապված է ճանապարհի անցկացման նպատակի հետ, քանի որ ստեղծված տնտեսական ճգնաժամի պայմաններում նման ճանապարհի շինարարությունը իրատեսական չէ, այլ ավելի շուտ կապում եմ «Հուշարձանների վերականգնման կենտրոնի» ստեղծման հետ: Ինձ պարզապես առաջարկվեց ստեղծել նման կենտրոն և ղեկավարել այն, ինձ ոչ հեռացրել են աշխատանքից, ոչ էլ պարտադրել են հեռանալ: Վերջիվերջո, լինելով հնագետ ես պետք է զբաղվեմ նաև հուշարձանների վերականգնմամբ: Կա խնդիր, որը պետք է լուծել` դա հայրենի մշակույթի պահպանությունն է: Կառավարության որոշման համաձայն, ստեղծվել է «Հուշարձանների վերականգնման կենտրոն», որը պետք է զբաղվի հանրապետության տարածքում հնագիտական, պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնմամբ: Դրանում միավորվել են Հայաստանի Հանրապետության 7 մարզերի առանձին գործող արհեստանոցներ և այդ բավական բարդ աշխատանքը վստահվել է ինձ:
– Էրեբունի թանգարանում ուրարտագիտական կենտրոն ստեղծելու նպատակ ունեիք , ձեր պաշտոնափոխությունն ինչպե՞ս կազդի կենտրոնի ստեղծման ծրագրերի հետագա ընթացքի վրա:
-Ուրարտագիտական կենտրոնի ստեղծման գաղափարն իմ կյանքի նպատակն է, լինեմ Էրեբունի թանգարանում, որևէ բուհում, թե «Հուշարձանների վերականգնման կենտրոնում»` ամեն գնով պետք է իրականացնեմ կենտրոնի ստեղծման նախագիծը:
-Տեղյակ եմ, որ կազմակերպել և իրականացնում եք ուրարտերենի ուսումնասիրման դասընթացներ. ի՞նչ ընթացքում է ծրագիրը:
– Այո, արդեն ավարտել ենք ուրարտերենի դասընթացների առաջին փուլը, այն վարում էր ուրարտերենի մասնագետ Նիկոլայ Հարությունյանը: Դասընթացներն անցկացվեցին ավելի քան մեկ տարի, հույս ունեմ, որ մյուս տարի դրանք կվերակազմակերպվեն:
-Ի՞նչ կասեք նոր ստեղծվելիք «Հուշարձանների վերականգնման կենտրոնի» մասին:
– Նոր կենտրոնը դեռ գրասենյակ չունի, այսօր դեռևս աշխատում ենք Մշակույթի նախարարությունում, բայց այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ ենք տանում: Իտալացիների առաջարկով գրասենյակը պետք է լինի քաղաքի կենտրոնում և ճարտարապետական պատմական արժեք ունեցող շենքում: Ինձ թվում է մինչև տարեվերջ շենքային և կազմակերպչական հարցերը կլուծվեմ, իսկ հունվարից կենտորնը լիարժեք կսկսի աշխատել: Այսօր դեռևս բարդություններ կան, դրանցից է` հիմնարկը կազմակեպելու խնդիրը: Պետք է հավաքել աշխատանքային խումբ, կենտրոնացնել ջանքերը, բայց այս ամենով հանդերձ աշխատանքներն արդեն ընթանում են: Մենք արդեն ՀՀ-ում Իտալիայի դեսպանի ջանքերի շնորհիվ, ստացանք իտալիացի համապատասխան մասնագետների աջակցությունը: 2010 թվականին` նախնական պայմանավորվածության համաձայն, իտալացի մասնագետների օգնությամբ 3-4 տարբեր կենտրոններում, որոնք ենթարկվելու են «Հուշարձանների վերականգնման կենտրոնին», հնագիտական նյութերի վերականգնման դասընթացներ ենք անցկացնելու:
Արմենուհի Կարեյան












