Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական

Տեսակետ

Դեկտեմբեր 5, 2009թ. 17:35

Վտանգվո՞ւմ է արդյոք, հայի ինքնությունը Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման դեպքում


Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում մեր ազգային ինքնության կորստի մասին պատկերացումները համակարգված չեն և կարիք ունեն պարզաբանման:

Ինքնությունը պատմամշակութային երևույթ է, որի հիմքում ընկած են այնպիսի էական գործոններ, ինչպիսիք են ազգային պատկանելիո-թյան զգացումը, ազգային ինքնագիտակցությունը, պետությունը, լեզուն, ավանդույթները: Ակնհայտ է, որ որևէ երկրի հետ հարաբերությունների հաստատումը չի կարող հայի էթնոհոգեբանության մեջ նվազեցնել նշված գործոնների դերը, ուստի` հայի ազգային ինքնությանն այս առումով վտանգ չի սպառնում:

Տարածված մտահոգությունների դրդապատճառներից առաջնայինն այն է, որ հայի ինքնագիտակցության մեջ արմատացած է Ցեղասպանության զոհի զգացումը, ինչն առավել սուր, ցավոտ արտահայտվում է սփյուռքահայերի միջավայրում, քանզի հայկական Սփյուռքն առաջացել է հիմնականում Ցեղասպանության հետևանքով, և սփյուռքահայերին համախմբող գլխավոր գործոններից է միասնական թշնամու` թուրքի կերպարը: Այս իմաստով հասկանալի է, թե ինչու ինքնության կորստի մասին ազդակները ավելի շատ գալիս են Սփյուռքից, որի գիտակցության մեջ թշնամու հետ հարաբերությունների հաստատումը դիտվում է Թուրքիայի դիվանագիտական և բարոյական հաղթանակ:

Միևնույն ժամանակ խնդիրն ունի մի տեսանկյուն ևս. բանն այն է, որ անկախության պայմաններում ինքնության պահպանման գործոններ են հանդես գալիս ինչպես ազգային մշակույթը, այնպես էլ ազգային պետությունը: Դեռ ավելին, լինելով առաջին հերթին քաղաքական միավորում` մշակութային երևույթից բացի ազգն ինքնության պահպանման հարցում առաջնահերթ կարիք ունի ուժեղ պետության, քանզի ձեռք բերելով անկախություն` ազգն իր զարգացման ճանապարհին այլևս նպատակ ունի ավանդական-մշակութային միավորից վերածվելու քաղաքական հանրության, դառնալու քաղաքական ազգ: Թերևս սրա կարևորությունը հայաստանաբնակ հայերն առավել մեծ չափով են զգում, քան սփյուռքահայերը, որովհետև վերջիններիս գիտակցության մեջ Հայաստան-երկիրն ակնկալվում է Հայրենիքի իմաստով, իսկ հայաստանաբնակների մոտ` Պետության: Հայաստանը որպես Հայրենիք և որպես Պետություն ընկալումները բնավ չեն հակասում իրար, այլ միայն լրացնում են միմյանց այն իմաստով, որ «Հայրենիք» բարոյական կատեգորիան իր ամբողջական տեսքն է ստանում «Պետություն» քաղաքական կատեգորիայի միջոցով: Այդ Պետությունն է, որ այսօր կարիք ունի զարգանալու, ուստի և փոխելու հարևանների հետ իր հարաբերությունների ձևաչափը, որպեսզի հիմք ստեղծի ժամանակակից հայի ազգային ինքնության համար:

Մովսես Դեմիրճյան

փիլիսոփայական գիտությունների թեկնածու


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն