Տարածաշրջանային տեղաշարժեր: Ադրբեջանը ձգտում է դեպի Ռուսաստան
Հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջին մի քանի ամսում առավել շատ է օգտագործվում աշխարհաքաղաքական գործընթացներում, իսկ երկու խոշոր բևեռները չեն էլ թաքցնում դրանից հնարավորինս շատ միավորներ շահելու իրենց ձգտումների մասին: Այդ համատեքստում երկու թշնամի պետությունների դիրքերում, կարծես, աննկատ գումարելիների տեղափոխություն է լինում: Ռուսաստանի ավանդաբար (հաճախ պարտադրված) ռազմավարական դաշնակից Հայաստանը աստիճանաբար մոտենում է արևմտյան քաղաքականությանը: Զարմանալիորեն սա նկատում են նույնիսկ վրաց վերլուծաբանները, սակայն աննկատ չի մնում նաև Ադրբեջանի ու Ռուսաստանի` վերջին ժամանակներում բավական քնքշացած սիրախաղերը:
Այն, որ մեր երկիրը երբևէ կլքի ռուսական ուղեծիրն ու կմիանա ամերիկա-եվրոպական աստղաբույլին, գրեթե անհավանական է, սակայն նույնը ասել Ադրբեջանի մասին` արդեն հակառակ դիրքերից, սխալ կլինի:
Գաղտնիք չէ, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում խուլ հակամարտություն կա: Ու եթե անգամ դա թվացյալ է կամ հորինված, ամեն դեպքում, անկախ հեղինակների ցանկությունից, դա վերաճում է իրական հասարակական հակամարտության: Այս մասին` հատկապես սոցիալական ցանցերի շփումներում ադրբեջանցիների և թուրքերի բախումների առումով ավելի մանրամասն կանդրադառնանք այլ հրապարակումներում: Իսկ մինչ այդ մեկ այլ անհանգստացնող երևույթ է հասունանում, որը պետք է որ մտահոգի նաև հայաստանյան դիվանագիտությանն ու պաշտպանական գերատեսչությանը: Նախ, որ Ադրբեջանը ռազմական ինքնաթիռներ է գնում Ռուսաստանի սերտ գործընկեր Չինաստանից, ապա` բազմաթիվ միջկառավարական ու նաև նախագահական այցեր են կազմակերպվում ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև: Մեծ քաղաքականության մեջ Ադրբեջանն այս օրերին դիվանագիտական ճակատ է ուղարկում նաև մտավորականության խաղաքարտերը: Ռուսաստանին ադրբեջանցիները մեկը մյուսի ետևից առաջարկում են գնել իրենց տնտեսական այս կամ այն արժեքները, բանը հասել է անգամ թուրքերի կողմից 2001-ից կառավարվող «Շահդենիզ» նավթահանքին, որի 5-րդ հորատանցքի աշխատանքը դադարեցվել է Թուրքիայի հետ Ադրբեջանի ֆինանսական անհամաձայնություններից հետո:
Դրան զուգահեռ նորանկախ Կոսովոյի հավատարիմ բարեկամ Ադրբեջանը` ՄԱԿ-ում նույն այդ Կոսովոյի անկախության դեմ է արտահայտվում: ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ակշին Մեհտիեւը, մասնավորապես, նշել է, թե անկախություն հռչակած Կոսովոն, դեմ գնալով Սերբիայի օրենքներին, չի կարող միջազգային մակարդակով անկախ ճանաչվել: Հիշեցնենք, Թուրքիան առաջին երկրներից էր, որ 2008-ի փետրվարի 17-ից հետո հորթի հրճվանքով ողջունեց մահմեդական այդ պետության ստեղծումը Եվրոպայի սրտում, մինչդեռ Ռուսաստանը սկզբունքորեն պաշտպանեց Սերբիային և այսօր էլ հանդես է գալիս Կոսովոյի անկախության դեմ: Նման պարագայում Թուրքիան ու Ադրբեջանը հայտնվում են հակադիր բևեռներում, ու պարզորոշ է նաև դառնում, որ պաշտոնական Բաքուն դիմում է հնարավոր ու անհնար բոլոր մեթոդների` Ռուսաստանի գիրկը (կամ մեկ այլ տեղ) խցկվելու համար:
Նաիրի Հոխիկյան












