Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումների հստակեցումն այլևս օրախնդիր է

Դեկտեմբեր 8, 2009թ. 12:39

Stepanakert1Բնական է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները չէին կարող դուրս մնալ նաեւ  Արցախի հասարակական հատվածի ներկայացուցիչների ուշադրությունից:

ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների և տեղի փորձագետների մասնակցությամբ օրերս անցկացված քննարկումների ընթացքում, այդ առթիվ հնչեցին լուրջ մտահոգություններ:

ՀԿ-երի ներկայացուցիչներն առաջին հերթին հետաքրքրվեցին` օրերս` ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ-ի  ընդունած հայտարարության որոշ մանրամասներով:

Հիշեցնենք, որ ԼՂՀ օրենսդիրն առաջին անգամ չէ, որ  նման հայտարարւթյուն է ընդունում: Նույն շեշտադրմամբ  մեկ այլ հայտարարություն ընդունվել էր դեռ 2008թ. վերջերին:

Նոր հայտարարությամբ հանդես գալու շարժառիթներն հասկանալի են. այս մեկ տարվա ընթացքում բանակցային գործընթացում սկզբունքային փոփոխություններ չեն գրանցվել, ղարաբաղյան կողմն այսօր դարձյալ գործընթացի մասնակից չէ, և վերջապես, բանակցությունները շարունակվում են ընթանալ Մադրիդյան հայտնի սկզբունքների շրջանակներում, ինչը, մեղմ ասած, անընդունելի է ղարաբաղյան կողմի համար:

Ի պատասխան ArmAr.am-ի թղթակցի այն  հարցին, թե որքանո՞վ արդյունավետ կլինի ԼՂՀ ԱԺ-ի կողմից հնչեցված այս նոր հայտարարությունը,  ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանն ասաց, թե այդ  հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների  մի մասն արտացոլվել են նաև` օրերս Աթենքում կայացած ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդում հնչեցված ՀՀ արտգործնախարարի ելույթում:

Հ/կ-ների նեկայացուցիչների` ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ արտահայտած հիմնական մտահոգությունն առնչվում է Մադրիդյան հայտնի սկզբունքներին: Սակայն ներկայացուցիչներից ոմանք միաժամանա դրական  գնահատեցին Մինսկի խմբի աշխատանքները`  հավասարակշռությունը պահպանելու տեսանկյունից:

Հնչած մյուս մտահոգությունը Ադրբեջանի ռազմական հռետորաբանության հետ էր կապված. ոմանց կարծիքով, Ալիևի կողմից հնչող ռազմատենչությունն ընդամենը ներքին սպառման համար արվում: Մինչդեռ ներկաներից շատերը դրանում առավել խորը արմատներ ու հեռահար նպատակներ են  տեսնում: «Ադրբեջանը ցանկանում է իր կողմից պատերազմ չսկսելը` միջազգային հանրությանը հրամցնել որպես փոխզիջում»,- սա  ԼՂՀ  ԱԺ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանի համոզմունքն է:

Հետևապես, ինչպես նկատում է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, այլևս օրախնդիր է` ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումների ամրապնդումն ու հստակեցումը:

Ազգային ժողովի ներկայացուցիչը չի բացառում նաև, որ մինչև տարեվերջ` գոնե ԱԺ-ի մակարդակով, փորձ կարվի քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

ԼՂՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարծում են, որ  այս ընթացքում հստակ դիրքորոշում և մոտեցում  պետք է որդեգրեն  նաև իրենք:

Նորայր Հովսեփյան

Ստեփանակերտ

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն